Զգոն մնալ, բայց դադարեցնել բողոքի ակցիաները
«The Washington Post»-ի մեկնաբան Էմի Ֆերիս-Ռոտմանի խոսքով, 42-ամյա խարիզմատիկ ժողովրդավարամետ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակում հավաքված մոտ 150 հազար աջակիցներին հորդորել է զգոն մնալ, բայց դադարեցնել բողոքի ակցիաները, քանզի հանրապետական օրենսդիրները նկատել են տվել, որ չեն խոչընդոտի իր ընտրությանը վարչապետի պաշտոնում: Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ շարժումը չունի աշխարհաքաղաքական օրակարգ և միակ նպատակը կոռումպացված ռեժիմի տապալումն է:
Ռուսաստանը կաշխատի հաղթող կողմի հետ
The Wall Street Journal-ը վկայակոչում է Վաշինգթոնում տեղակայված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անտոն Լավրովին, ով ասել է, թե «Ռուսաստանն ընդամենը կարող է այս պարագայում խաղաղության և զսպվածության կոչեր հնչեցնել և պատրաստ կլինի աշխատել հաղթող կողմի հետ»:
The Wall Street Journal-ը նաև նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ներսում կամ արտասահմանում բողոքներ հայտնողներին մշտապես անվանել է վտանգավոր և ապակառուցողական տարրեր:
Երաշխավորել ցուցարարների անվտանգությունը
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ Հայաստանի իրավապահները պարտավոր են երաշխավորել խաղաղ ցույցերի և երթերի անվտանգությունը:
Գանդիից մինչև Facebook
«Գանդիի դեղատոմսով» վերնագրած վերլուծությունում РБК ռուսաստանյան լրատվական կայքի վերլուծաբանները նշում են, որ մայիսի 2-ին ՀՀԿ-ն խոստացավ սատարել ցանկացած թեկնածուի, մինչդեռ մեկ ամիս առաջ ոչ ոք, այդ թվում Փաշինյանը, նման բան չէր պատկերացնի: Նա բողոքի շարժումը ստեղծել է հայերի մեծ մասի համար հասկանալի գաղափարի՝ Սերժ Սարգսյանին մերժելու վրա: Այդ տրամադրությունը հենց Սարգսյանն է խթանել: Նա խախտել է հանրային պայմանագիրը, առաջարկել է ստեղծել խորհրդարանական երկիր՝ խոստանալով վարչապետ չառաջադրվել, ու խաբել է:
«Այդպես չի կարելի, սա Կովկաս է»,- նշել է վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Շնորհակալություն պետք է հայտնենք Մարկ Ցուկերբերգին»
Մինչդեռ, РБК-ի փոխանցմամբ, բողոքի ակցիաները կազմակերպելու հիմնական գործիքը Facebook-ն է:
Մինչև այդ առավել տարածված սոցցանցը Հայաստանում «Одноклассники»-ն էր, որի օգտատերերի զգալի մասը 40 տարեկանից մեծ է: Փաշինյանը Facebook-ով դիմել է նախևառաջ երիտասարդներին: Ապա շարժմանը միացել են նաև Twitter-ի, Telegram-ի և Instagram-ի օգտատերերը:
«Այս հեղափոխության համար պետք է շնորհակալություն հայտնենք Մարկ Ցուկերբերգին, առանց Facebook-ի հաղթանակ չէր լինի», - РБК-ին փոխանցել է բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից հուշանվերների խանութների ցանցի սեփականատեր Մովսես Հովսեփյանը:
Ոչ թե հետևիր, այլ միացիր պայքարին
РБК-ն վկայակոչում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին, ով ուշադրություն է հրավիրում մի պարադոքսի վրա՝ Փաշինյանը համոզում էր մարդկանց online-ից գնալ offline՝ ցույցերին և երթերին համացանցով հետևելու փոխարեն դուրս գալ փողոցներ ու միանալ պայքարին:
«Նախկինում դա նման էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելուն․ մարդիկ տանը նստած հեռարձակումն էին նայում: Նախկին ակցիաներին համացանցով հետևել են հարյուր հազարավոր օգտատերեր, հիմա դիտում են տասնյակ հազարներ, քանի որ մեծ մասը գնում է փողոց, որ լսի բողոքի լիդերի խոսքը», - ասել է Մարտիրոսյանը:
«Ռուսաստանը և Հայաստանը չեն միջամտի մեկը մյուսի ներքին գործերին»
«Մենք բոլոր դեպքերում կհաղթենք», - հայտարարել է Փաշինյանը «Коммерсант» ռուսական պարբերականի թղթակցին: Վերջինս, բնականաբար, անդրադարձել է ռուսներին հետաքրքրող հայ-ռուսական կապերի թեմային:
Պատասխանելով «Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի արձագանքը Հայաստանի զարգացումներին» հարցին, Փաշինյանն ասել է. - «Շատ նորմալ, լավ, մեզ հավաստիացրել են, և մենք ունենք այդ տպավորությունը, որ ռուսները հարգում են շարժումը և հայ ժողովրդի տեսակետը»:
Ապա բողոքի շարժման առաջնորդը հավելել է. - «Մենք չենք միջամտելու Ռուսաստանի գործերին, Ռուսատանը՝ մեր: Մենք ոչ հիմա, ոչ de jure հաղթանակից հետո չենք միջամտելու, Ռուսաստանն էլ չի միջամտի, մենք միասին քննարկելու ենք բացառապես արտաքին քաղաքականության հարցեր»: