Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահն իր ամենամյա ուղերձը ներկայացնելիս լքել է խորհրդարանի դահլիճը


Գեորգի Մարգվելաշվիլին ելույթ է ունենում խորհրդարանում, Քութայիսի, 2-ը մայիսի, 2018 թ,
Գեորգի Մարգվելաշվիլին ելույթ է ունենում խորհրդարանում, Քութայիսի, 2-ը մայիսի, 2018 թ,

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի` երկրի խորհրդարանում չորեքշաբթի օրը հնչեցրած ամենամյա ուղերձն ուղեկցվեց սկանդալով: Պատճառը խորհրդարանի կանոնակարգի դրույթների մեկնաբանության շուրջ ծագած վիճաբանությունն էր:

Մարգվելաշվիլին պնդում էր, որ իր ուղերձից հետո իրավունք ունի պատասխանել պատգամավորների հարցերին: Խորհրդարանի ղեկավարությունը, սակայն, մատնանշելով կանոկակարգը, հայտարարում էր, թե նախագահը կարող է միայն գտնվել նիստերի դահլիճում և լսել օրենսդիրների արձագանքն իր ուղերձին: Մարգվելաշվիլին սկզբում կարծես համաձայնեց այդ ձևաչափին, սակայն ավելի քան մեկ ժամ իր ուղերձը քննադատող ելույթներ լսելուց հետո Վրաստանի նախագահի նյարդերը տեղի տվեցին:

Կառավարության ողջ կազմի, պատգամավորների, հատուկ նախագահի ուղերձն ունկնդրելու համար Քութայիսի ժամանած օտարեկրյա մի քանի տասնյակ դեսպանների աչքի առջև Գեորգի Մարգվելաշվիլին և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն մի քանի րոպե շարունակ վիճում էին: Թեժ վեճի ավարտին Վրաստանի նախագահը դիմեց աննախադեպ քայլի` պարզապես լքելով նիստերի դահլիճը:

Այն, որ նախագահ Մարգվելաշվիլիին խորհրդարանում առանց մեծ ոգևորության են դիմավորելու, պարզ էր դեռ մինչև վերջինիս կողմից իր ուղերձի հղումը: Նախագահի և խորհրդարանում մեծամասնություն կազմող «Վրացական երազանքի» միջև հակասությունները երկար պատմություն ունեն: Դրա պատճառն իշխող կուսակցության հիմնադիր և փաստացի ղեկավար՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և Մարգվելաշվիլիի միջև առկա հակասություններն են:

Վերջին տարիներին Վրաստանի նախագահը խստորեն քննադատել է «Վրացական երազանքի» մի շարք նախաձեռնությունները, նախևառաջ՝ անցած տարի ընդունված սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ մասին Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարեց նաև իր ամենամյա ուղերձում` վրացական խորհրդարանի նիստերի դահլիճը լքելուց հաշված րոպեներ առաջ:

«Նախագահի ինստիտուտն այս սահմանադրական փոփոխությունների հետևանքով թուլացել է: Ավելին՝ թուլացել են բոլոր պետական կառույցների դիրքերը: Եթե նայեք Սահմանադրության տեքստում կատարված լրացումներին, ապա պարզ կդառնա, որ պետական ինստիտուտների թուլացումն այդ փոփոխությունների փաթեթի գլխավոր գաղափարն էր: Մենք թուլացրել ենք տեղական ինքնակառավարման համակարգը, վերացրել ենք նախագահի ուղղակի ընտրությունները, ինչը հակասում էր ժողովդրի կամքին: Բայց ամենամեծ սխալն, իհարկե, խորհրդարանական ընտրությունների բազմիցս խոստացված բարեփոխումներն են, որոնց կյանքի կոչումը հետաձգվեց մինչև 2024 թվական»,- իր ուղերձում հայտարարում էր Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը նաև քննադատում էր երկրի կառավարության գործունեությունը: «Ես հիշում եմ, թե ինչ եռանդով էր աշխատում կառավարությունն ասենք՝ հինգ տարի առաջ, երբ ես զբաղեցնում էի կրթության նախարարի պաշտոնը: Այն ժամանակ մենք մեր ամենօրյա աշխատանքով փոխում էինք Վրաստանի քաղաքացիների կյանքը»,- նշում էր Մարգվելաշվիլին, պնդելով, որ այժմ երկրի բնակչությունը սոցիալական վիճակի բարելավման որևէ նշույլ չի տեսնում:

«Իմ ընկեր Զուրաբ Ժվանիան ասում էր` լավագույն վիճակագրությունը սառնարանն է: Բացիր սառնարանը, և պարզ կդառնա թե ինչպես է ապրում այս կամ այն ընտանիքը: Այսօր, սակայն, մեզ մոտ մի իրավիճակ է ստեղծվել, երբ մարդիկ պատրաստ են անգամ վտանգել իրենց կյանքը, միայն թե չկորցնեն աշխատանքը»,- հայտարարում էր Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը նաև պնդում էր, թե չի հավատում կառավարության կողմից ներկայացված պաշտոնական վիճակագրական տվյալներին` նախևառաջ՝ այն ցուցանիշներին, որոնք վերաբերում են գործազրկությանը: «Այդ վիճակագրության համաձայն՝ գործազուրկ չեն համարվում անգամ այն մարդիկ, որոնք ողջ շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ ժամ են աշխատում»,- հայտարարում էր Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG