Մատչելիության հղումներ

Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր հետագա աշխատանքը պատկերացնում է «քննարկումների մթնոլորտում»


«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հանրապետական խմբակցությունը հավատարիմ կմնա իր հայտարարությանը և կողմ կքվեարկի վարչապետի իր թեկնածությանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Փաշինյանն։

Նա միևնույն ժամանակ ընդգծեց՝ իրենք պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա գործունեությունը, եթե իր վարչապետ ընտրվելուց հետո Հանրապետական խմբակցությունը շարունակում է մնալ մեծամասնություն, Փաշինյանը պատասխանեց. - «Ես աշխատանքը պատկերացնում եմ քննարկումների մթնոլորտում, աշխատանքային մթնոլորտում և, ինչպես նախկինում ասել եմ, մեր նպատակը Հայաստանում համերաշխության և ազգային միասնության մթնոլորտի հաստատումն է, և այդ խնդիրը լուծելու համար կան բոլոր նախապայմանները»։

Մեկ այլ հարցի, թե մտածո՞ւմ է Սահմանադրությունը փոխելու մասին, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, թե հիմա մենք պետք է այդպիսի հարց քննարկենք, մենք հիմա խոսում ենք ժամանակավոր կառավարության ձևավորման մասին։ Դրանք հարցեր են, որ կարծում եմ նախընտրական շրջանում կքննարկվեն, բայց ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, թե Սահմանադրությունն անընդհատ փոխելը, հետո նորից փոխելը դա լավ պրակտիկա է։ Մենք պետք է հասկանանք, թե գործող ինչ-որ Սահմանադրություն մեզ ինչում է խանգարում, և եթե խանգարում է, արձանագրենք դա։ Կարծում եմ, որ նման հարցերը պետք է ոչ թե վարչապետի կամ քաղաքական որևէ ուժի մակարդակով լուծվի, այլ այդ մասին լինի ըմբռնում հանրության շրջանում և քաղաքական դաշտում, երբ լինի դրա անհրաժեշտությունը»։

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները:

Նշենք, որ այսօր 41 պատգամավորի ստորագրությամբ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։ Մայիսի 8-ին վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն, իսկ եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը կարձակվի, ինչից հետո ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հիշեցնենք՝ Փաշինյանը խոստացել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում մյուս քաղաքական ուժերի հետ խորհրդակցելով բարեփոխելու են ընտրական օրենսդրությունը և այդ փոփոխություններից հետո կազմակերպելու են ազատ և արդար արտահերթ ընտրություններ։

«Ազատության» հարցին, թե արտահերթ ընտրությունների՝ իրենց համար ընդունելի ժամկետը ո՞րն է, Փաշինյանը պատասխանեց. - «Մեզ համար ընդունելի ժամկետներ կան, բայց էլի եմ ասում՝ այդ հարցի վերաբերյալ կարևոր է, որ ոչ թե ինչ-որ մեկի պատկերացումը պարտադրվի մյուսներին, այլ մենք ունենանք ընդհանուր ըմբռնում, որը քաղաքական ուժերի առնվազն մեծամասնության համար ընդունելի լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG