Մատչելիության հղումներ

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջատարներից մեկը՝ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը մոտ երկու ժամ առաջ հրաժարական է ներկայացրել:

Այսօր կեսօրից Մշակույթի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ մշակույթի գործիչներ՝ նախարարի պաշտոնակատարին կոչ անելով միանալ իրենց:

Ակցիան սկսել էին մոտ երկու տասնյակ դերասաններ: Ամիրյանը նրանց մոտեցավ և առաջարկեց բարձրանալ նախարարության շենք և քննարկել հարցը: Դերասաններն ասացին, որ իրենց պահանջը հստակ է և քննարկելու բան չունեն։

Արմեն Ամիրյանը ևս մեկ անգամ հրավիրեց ցուցարարներին իր աշխատասենյակ, ինչից հետո հեռացավ։

Մի քանի ժամից ցուցարարների թիվը հարյուրների հասավ, գործադուլ և դասադում էին հայտարարել նաև Թատերական ինստիտուտի և կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները: Նրանք բոլորը հավաքվել էին Կառավարության նոր մասնաշենքի մոտ, որտեղ տեղակայված է նաև Մշակույթի նախարարությունը։

Սկսեցին երգել, պարել, արտասանել։

Կոչեր հնչեցին նաև, որ իրենց միանա երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով հանրապետական պատգամավոր է և երեկ վարչապետի ընտրության ժամանակ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Ցույցին մասնակցող երգիչ Արամոն ասաց, որ Շուշան Պետրոսյանին խորհուրդ կտա մյուս ընտրությանը ճիշտ քվեարկել․ - «Ես խնդրում եմ ավելի խոհեմ գտնվել և քո խղճի համար ես ասում եմ՝ ճիշտ որոշում լինի»:

Մշակույթի գործիչները մինչև ժամը 17-ը մնացին նախարարության շենքի մոտ: Ապա երթով գնացին Հանրապետության հրապարակ, ասացին, որ առաջիկայում կպահանջեն նախարար Ամիրյանի հրաժարականը։

Նրանց հեռանալուց հետո Ամիրյանը դուրս է եկել շենքից և հայտարարել, որ հրաժարական է տալիս։

Արմեն Ամիրյանը Մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերին:

Նախարարի պաշտոնակատարը չի նշել հրաժարականի պատճառը:

Այսօր վաղ առավոտյան Կառավարության նոր մասնաշենքի մոտ ակցիա իրականացրեցին նաև մի խումբ փաստաբաններ, նրանք երեք ամենագնաց մեքենաներով փակել էին Արդարադատության, Մշակույթի, Սպորտի և Կրթության ու գիտության նախարարությունների շենքերի մուտքերը։ Մոտ երկու ժամ նախարարությունների մուտքերը փակ պահելուց հետո ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգով մեքենաները հեռացվեցին, իսկ ցուցարարներին էլ նախարարությունների դռներից հեռու տարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG