Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ օգտատերերը իրականացրել են «IT անհնազանդություն» ակցիան


Այսօր Երևանի ժամանակով 12:00-ից 13:00 ինտերնետի սփյուռքահայ օգտատերերը իրականացրել են «IT անհնազանդություն» ակցիան, որի մասին իր ֆեյսբուքյան էջում կոչեր էր հնչեցրել «Իմ քայլը» շարժման կազմակերպիչներից Արսեն Խառատյանը:

«Ուրեմն վաղը, Երեւանի ժամանակով ուղիղ 12:00-ին` կեսօրին, աշխարհի տարբեր ծայրերից ինտերնետի միջոցով պարզապես մտնում ենք ՀՀ կառավարության եւ առընթեր մարմինների պաշտոնական կայքերը: Մեծաթիվ այցելությունների դեպքում կայքերը պարզապես ոչ ֆունկցիոնալ կլինեն: Ակցիան անում ենք ուղիղ 1 ժամով, որպես ուժի ցուցադրություն, մինչեւ Երեւանի ժամանակով 13:00-ն», - գրել էր Խառատյանը՝ նաև կոչ անելով բաշխել պետական կայքերը ըստ երկրների, ինչպես նաև՝ գործողություններում չներառել Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և ԱԳՆ կայքերը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով հետևել է գործընթացին, «Ազատության» հետ զրույցում փաստեց, որ այսօր կեսօրին մոտ լուրջ սահմանափակումներ է ունեցել, մասնավորապես, Ազգային ժողովի կայքը:

«Սփյուռքահայ օգտատերերը բաժանել էին կայքերը, ինչը պետք է բերեր սերվերների ծանրաբեռնվածությանը։ Սա հակտիվիստական ակցիա էր, որը պետք է DDoS-ի հետևանքներ ունենար, բայց DDoS չէ, այսինքն չի ընկնում քրեական պատասխանատվության տակ, այլ ավելի շուտ բողոքի ակցիա է, քանի որ հատուկ տեխնիկական միջոցներ չեն օգտագործվում», - մանրամասնեց փորձագետը:

Մարտիրոսյանը նաև կարծիք հայտնեց, որ նման ակցիաներով լուրջ արդյունքների հասնել հնարավոր չէ, քանի որ արդեն մեկ տարի է, ինչ Կառավարության կայքերը լուրջ պաշտպանություն ունեն DDoS հարձակումներից:

XS
SM
MD
LG