Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ այսօր հարյուրավոր քաղաքացիներ վաղ առավոտից փակել էին դեպի «Զվարթնոց» օդանավակայան ու Էջմիածին տանող ճանապարհների խաչմերուկը:

Հայաստանի կարևորագույն ուղիներից մեկի փակումը սկզբում դժգոհության պատճառ դարձավ մի քանի երիտասարդների շրջանում:

Տեղում գտնվող մեծաթիվ ոստիկանները քաղաքացիներին միայն խնդրանքներով էին հորդորում բացել ճանապարհը, ցուցարարներն էլ հիշեցնում էին՝ երբ օրեր առաջ երթով հանրահավաք գնալիս իրենց առաջ ճանապարհ էր փակում նախկին Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ոստիկանները անգործության էին մատնվել:

Օդանավակայան տանող ճանապարհի վրա երեք ավտոբուսներով կենտրոնացել էին նաև ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, սակայն նրանց կողմից էլ որևէ գործողություն չեղավ:

Ցույցին միացան նաև Փարաքարի միջնակարգ դպրոցի՝ դասադուլ հայտարարած մի խումբ աշակերտներ: Ավելի ուշ եկավ նաև դպրոցի ուսուցչական կազմը՝ ասելով, որ միանում են իրենց աշակերտներին:

Արձագանքելով երեկ խորհրդարանում Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների պնդումներին, որ բողոքի միջոցառումներում երեխաների ներգրավումը վտանգավոր է՝ ուսուցիչները հիշեցրին, որ նախկինում իրենք հարկադրված էին Սերժ Սարգսյանին ողջունող ակցիաների գնալ․ - «Զոռով նստացնում էին մեզ տանում էին, որպեսզի մենք ընտրենք, դրոշակ թափ տանք երեխաների հետ միասին: Քանի անգամ Արմավիրի մարզ են տարել․․․ Էն ժամանակ աշակերտ չէին»:

Հայաստանի գլխավոր օդանավակայան գնացող ճանապարհը փակած ցուցարարներին կես ժամով միացան նաև օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատողներ: Նրանցից մեկը նշեց, որ օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատել, իրենք դուրս են եկել հերթափոխը հանձնելուց հետո․ - «Դժգոհություններ կան, բայց դե ինչ անենք, իրենք էլ պետք է հասկանան, որ իշխանափոխություն է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությանը: Դրա համար պետք է համակերպվեն իրողությանը»:

«Իմ քայլը» շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել ժամը 14.00-ից վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը, այդուհանդերձ օդանավակայանից հայտնել էին, որ իրենց աշխատանքը չի էլ դադարել:

Օդանավակայան գնացող ու օդային ճանապարհով Հայաստան եկած մեծաթիվ զբոսաշրջիկներ ու հայաստանցիներ ստիպված էին քայլելով անցնել «Զվարթնոց» գնացող ճանապարհը: Ցուցարարները նրանց երբեմն խմորեղեն էին հյուրասիրում․ - «Նաև խորհրդանշական է, թե ինչպիսի Հայաստան են իրենք եկել: Իրենք եկել են մաքուր Հայաստան, աղ ու հացով ու քարցրությամբ Հայաստան»

Շուրջ 6 ժամ կարևորագույն ճանապարհներից մեկի փակ դրությանը առանց միջամտության հետևելով՝ ոստիկանական հատուկ ստորաբաժանումները հեռացան: Հարյուրավոր քաղաքացիները շարունակում էին բողոքի միջոցառումը՝ երգ ու պարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG