Մատչելիության հղումներ

Արևմտյան մամուլի գնահատմամբ` Հայաստանի վերնախավը փորձում է կառչած մնալ իշխանությունից


«Այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը տապալեց մեծ թափ հավաքած բողոքի գործողությունների առաջնորդի ընտրությունը վարչապետի պաշտոնում, Հայաստանն ընկղմվեց քաղաքական ճգնաժամի մեջ», - գրում է CNN-ը: Ամերիկյան ամենահեղիանակավոր լրատվամիջոցներից մեկի լրագրողները մեջբերում են Chatam House վերլուծական կենտրոնի փորձագետ Լոուրենս Բրոերսի խոսքերը․ - «Հայերը հասկանում են, որ Խորհրդային Միության փլուզումից հետո որպես ժողովրդավարության ցուցափեղկ ընկալվող իրենց երկիրը հայտնվել է լճացման մեջ: Դրա պատճառը խոր արմատներ ձգած օլիգարխիան է: Այդ ամենի հետևանքով երկրի քաղաքացիներից շատերը գերադասում են արտագաղթել»:

«Ժողովրդավարությունը վերադառնում է Հայաստան», - գրում է The New York Times-ը` նշելով հայաստանյան բողոքի գործողությունների պատճառներից մի քանիսը․ - «Անկախացումից ի վեր երկրի բնակչության գրեթե մեկ երրորդը արտագաղթել է: Սերժ Սարգսյանի իշխանությունը չկարողացավ կանգնեցնել այդ գործընթացը, դրան էլ գումարած՝ գործազրկության ցուցանիշը հասել է 20 տոկոսի»:

«56 ավազակներ, որոնք ընդդիմացան ժողովրդի կամքին», - հայաստանյան իրադարձությունների և մասնավորաբար երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության մասին պատմող հրապարակումն այսպես է վերնագրել ֆրանսիական Liberation-ը:

«Հայաստանյան վերնախավը շարունակում է կառչած մնալ իշխանությունից», -գրում է այսօր շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականը: Թերթի թղթակից Մարկուս Ակերետը նշում է, որ հանրապետականները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են պետության համար վտանգ ներկայացնելու մեջ:

«Հանրապետականների այդ հարձակումները, սակայն, է՛լ ավելի են մեծացնում այդ վառ քաղաքական գործչի ժողովրդականությունը` դրա հետ մեկտեղ բացահայտելով հանրապետականներին, որոնք ամբողջությամբ կորցրել են ժողովրդի աջակցությունը: Այդ իսկ պատճառով հանրապետականները կառչում են իշխանությունից, վախի մթնոլորտ են ձևավորում և դիմում ռազմատենչ հռետորաբանության օգնությանը», - գրում է Neue Zürcher Zeitung մեկնաբանը` բավական մշուշոտ գնահատելով Հանրապետական կուսակցության` իշխանության ղեկին մնալու հեռանկարը․ - «Թափանիվն այլևս անհնարին է հետ պտտել՝ թեև երեկ խորհրդարանում Հանրապետական կուսակցության պատգամավորները իրենց ելույթներով փորձում էին հակառակ տպավորությունը ստեղծել»:

BBC-ի ռուսական ծառայությունը ևս ակտիվորեն հետևում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին` նկարագրելով նաև երեկ Երևանում տիրող մթնոլորտը:

«Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ ցնծությամբ էին ընդունում Փաշինյանի պատասխանները և վրդովվում էին, երբ նրան «սադրիչ» հարցեր էին տալիս: Հանրահավաքի մասնակցիները սուլում էին նույնիսկ Հանրապետականը ներկայացնող Սեյրան Սարոյանի ելույթի ժամանակ, որում հաշտեցման նկատելի տարրեր կային: Իսկ հանրապետական պատգամավորներից ևս մեկին` Արմեն Աշոտյանին, հավաքի մասնակիցները պարզապես անվանում էին «սրիկա և Ֆանտոմաս», - գրում է BBC-ն:

Հայաստանյան իրադարձություններին անդրադառնում է նաև արևմտյան գրական, մշակութային շրջանակներում մեծ հեղինակություն վայելող The New York Review of Books’ հանդեսը:

«Հայաստանի ավտորիտար ղեկավարների անհաջող շաբաթը» վերնագրված հոդվածում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, գրող Վիգեն Բերբերյանը նշում է․ - «Չի կարելի» բառակապակցությունը խորապես արմատացել է հայաստանցիների հոգեբանության մեջ: «Դու չպետք է փորձես խարխլել առկա ստատուս քվոն, որովհետև դա կարող է հանգեցնել ողջ համակարգի ապակայունացմանը, իսկ հայերը պետք է միավորվեն իրենց կառավարության շուրջ նույնիսկ այն դեպքում, երբ վարչապետը փորձում է երկիրը ղեկավարել երկու ժամկետից ավելի»․ հոգեբանական այդ բարդյութն այսպես է նկարագրում ամերիկյան հանդեսի հոդվածագիրը:

«Այժմ կարծես հայերին ավելի պատասխանատու և վերահսկելի կառավարություն ունենալու շանս է տրվել», - շարունակում է Բերբերյանը: - «Թեև հանրապետականները մայիսի 1-ին արգելափակեցին Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, այնուհանդերձ բողոքի ակցիաները կոտրել են իշխանական կարծրատիպերը, իսկ «չի կարելի»-ի հոգեբանությունը գլխիվայր է շուռ եկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG