Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը այսօր լրագրողներին հայտնել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի մայիսի 29-ին կայանալիք ընտրությանը: Իր որոշումը նա պատճառաբանել է պատգամավորական գործունեության ծանրաբեռնվածությամբ․ Ժուկովը Պետդումայի փոխխոսնակներից մեկն է:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի մայիսի 29-ին կայանալիք ընտրությանը առաջադրվելու է Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում երկրի պատվիրակության ղեկավար Ստանիսլավ Պոզդնյակովը:
Դոպինգային սկանդալների պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել էր Ռուսաստանի պետության մասնակցությունը Հարավային Կորեայի Փհենչհանում այս տարվա սկզբին անցկացված ձմեռային Օլիմպիադային: Ռուսաստանցի մի խումբ մարզիկներ Օլիմպիական խաղերին մասնակցեցին չեզոք դրոշի ներքո:
Միջազգային երկու անկախ հետաքննությունները պնդում են, որ ռուսաստանցի մարզիկների կողմից տարիներ շարունակ խթանիչների օգտագործումը կազմակերպվել է պետական մակարդակով: Մոսկվան հերքում է իշխանությունների մասնակցության վերաբերյալ պնդումները: