Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը դեմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում առաջարդված «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

«Մեր որոշումը միասնական է, կլսեք խմբակցության ելույթի ժամանակ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ փոխանցել:

Ավելի ուշ խորհրդարանի ամբիոնից ներկայացնելով ՀՀԿ-Ի միասնական դիրքորոշումը՝ ասաց․ - «Երեկ ՀՀԿ խմբակցությունը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածուին մենք հարցեր ուղղեցինք՝ պարզելու համար նրա պատկերացումները Հայաստանի զարգացման և անվտանգության մի շարք ասպարեզներում: Մենք գոհունակություն ենք հայտնում երկրի համար կարևոր հարցերում Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերային մթնոլորտում քննարկումներ անցկացնելու հնարավորության համար: Այսօր էլ քննարկումների ընթացքում մենք ամբողջացրեցինք մեր կարծիքը թեկնածուի պատկերացումների վերաբերյալ: Հաշվի առնելով քննարկումների արդյունքում ստացած տպավորությունները, գիտակցելով այն կործանարար հետևանքները, որոնք կարող են լինել, եթե մեր երկրի քաղաքական կուրսը շեղվի բազմակողմ հավասարակշռության այն իրավիճակից, որին հասել ենք տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ, հատուկ տեսնելով այն ճակատագրական վտանգները, որոնք անմիջապես առաջանալու են Նիկոլ Փաշինյանի անձին ընտրելու պահից սկսած՝ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հայտարարել հետևյալը․ մենք ընդունում և ընդունել ենք ժողովրդական շարժման հաղթանակը Հայաստանում փոփոխությունների նոր փուլ սկսելու ճանապարհին: Մենք համաձայն ենք հնչող քննադատությունների հետ երկրի սոցիալ-տնտեսական, ներքին խնդիրների սպեկտրի և դրանց լուծման առկա հանրային դժգոհության ուղղությամբ նոր քայլերի հստակ անհրաժեշտության վերաբերյալ: Մենք դա ընդունել ենք, հաշվի ենք նստել ժողովրդական շարժման հետ և պատասխանել ենք դրան վարչապետի պաշտոնից մեր կուսակցության ղեկավարի հրաժարականով: Մենք ընդունում ենք, որ ժողովրդական շարժումը կարող է սատարել վարչապետի որևէ թեկնածուի: Եվ մենք, համապատասխան քննարկումներից հետո, միշտ պատրաստ կլինենք միասնաբան քվեարկելու այդ թեկնածուի օգտին: Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG