Ադրբեջանական «Թուրան» գործակալության «Դժվար հարց» ծրագրին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է հայաստանյան իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած ճգնաժամի պատճառներից մեկը «ղարաբաղյան կլանի» կողմից իշխանության չարաշահումն էր: Ըստ Զուլֆուգարովի, այդ կլանի արտաքին ու ներքին քաղաքականությունը հանրության ու մտավորականության կողմից մերժվում էր, կլանի ներկայացուցիչներն ընկալվում էին որպես «պրովինցիալներ», ինչը և, վերջին հաշվով, հանգեցրեց քաղաքական հակամարտության:
Թոֆիկ Զուլֆուգարովը համարում է, որ ներհայաստանյան ճգնաժամը Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման հետևանք չէ, Հայաստանն իր կողմը ձգելու՝ Արևմուտքի փորձը չէ: Ադրբեջանի նախկին արտգործնախարարի գնահատմամբ՝ Հայաստանն ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական որևէ նշանակության չունի, ինչի պատճառով Վաշինգտոնը կհակադրվեր Ռուսաստանին:
Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը, ապա Զուլֆուգարովի դիտարկմամբ՝ ի տարբերություն Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած նմանատիպ գործընթացների, Հայաստանի պարագայում Մոսկվայի արձագանքը շատ հանգիստ է և զուսպ: Նա նշել է, թե Մոսկվան խորհրդարանական փոքր պատվիրակություն է գործուղել Հայաստան, կազմված հայամետ պատգամավորներից, սակայն որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել: Ադրբեջանի նախկին արտգործնախարարի խոսքով՝ դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը կորցնում է հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ՝ որպես «ֆորպոստի»:
Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ նա կարծիք է հայտնել, թե հայաստանյան գործընթացները շատ լուրջ ազդեցություն կունենան Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վրա: «Եթե Ռուսաստանը լքի Հայաստանը, ապա հայերը հույսը կդնեն միայն իրենց հնարավորությունների վրա: Եթե դա տեղի ունենա, ապա իրական խաղաղությունը հնարավոր է, բայց ավելի հավանական է, որ իրական խաղաղությունը հաստատվի ռազմական ինչ-ինչ գործողություններից հետո»,- ասել է Թոֆիկ Զուլֆուգարովը:
Վերջինս դիտարկմամբ՝ տարիներ շարունակ հայկական քարոզչությունը հանրային կարծիք է ձևավորել, թե հայկական բանակից ավելի ուժեղը չկա: «Ապրիլյան պատերազմը սթափեցրեց նրանց, իսկ այս ճգնաժամից հետո նրանք շատ կթուլանան, ինչն ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդրի վրա»,- կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:
Հայաստանում տիրող ներկա վիճակն Ադրբեջանն ինչպե՞ս պետք է օգտագործի, այս հարցին Թոֆիկ Զուլֆուգարովը հետևյալ պատասխանն է տվել՝ Ադրբեջանը պետք է ուշադիր հետևի իրավիճակին և պատրաստ լինի ցանկացած շրջադարձի՝ և՛ խաղաղ բանակցությունների, և՛ ռազմական գործողությունների:
«Կարծում եմ, դա արդեն արվում է: Ամեն ինչն իր ժամանակն ունի: Ժամանակին արված քայլը արժեքավոր է լինում, հատկապես երբ այն վերաբերում է Ղարաբաղին: Ռազմական գործողությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ, և նման որոշում ընդունելը բարդ է: Բայց եթե հայերը մեզ այլ ելք չթողնեն, նշանակում է՝ մենք պետք է կատարենք այդ քայլը»,- ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը: