Մատչելիության հղումներ

Իշխանափոխությունը կազդի Մոսկվայի և Բրյուսելի հետ Երևանի հարաբերությունների վրա


Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել են Երևանի կենտրոնում, 1 մայիսի, 2018թ.
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել են Երևանի կենտրոնում, 1 մայիսի, 2018թ.

Handelsblatt հանդեսի մեկնաբան Անդրե Բալենը ենթադրում է, որ քաղաքական ճգնաժամը որոշակիորեն Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից:

Ընդդիմությունը ձգտում է իշխանության, իսկ իշխանափոխությունն անխուսափելիորեն ազդեցություն կգործի ոչ միայն Եվրոպական միության և Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների, այլև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

Առայսօր Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բավական զուսպ են արձագանքել Հայաստանում իշխանության համար պայքարին:

Իշխանությունը սահմանադրական լրամշակման եղանակով պահպանելու համար պայքարող Սերժ Սարգսյանի հրաժարականն էլ Մոսկվայում, ըստ էության, հանգիստ են ընդունել:

Սարգսյանն, ըստ Handelsblatt-ի մեկնաբանի, երկակի խաղ էր խաղում, մի կողմից, Բրյուսելում բանակցում էր Եվրամիության հետ համագործակցելու շուրջ, մյուս կողմից, աշխատանք տանում Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար:

«Կրեմլում կասկածանքով են հետևել այդ շփումներին, մինչդեռ, ներկայիս ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ծրագիրը կարող է էլ ավելի անդուր լինել ռուսաստանյան ղեկավարության համար»,- գրում է Անդրե Բալենը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները մշտապես ընդգծում են, որ Հայաստանում «թավշյա հեղափոխությունն» ունի սոսկ ներքին դրդապատճառներ, սակայն ուկրաինական «մայդանի» և Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության հետ որոշ աղերսներ չի կարելի չնկատել: Բացի այդ, նախկինում Եվրասիական տնտեսական միության հասցեին Փաշինյանի արած քննադատական մեկնաբանություններն էլ Մոսկվային լավատեսության առիթ չեն տալիս:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, ըստ Handelsblatt-ի մեկնաբանի, «Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ուզածով կառավարել», քանի որ խորհրդարանում նրա դիրքերն ամուր չեն:

Փաշինյանը պարտավոր է հաշվի առնել որոշակի պայմաններ. Հայաստանն ավանդաբար համարվում է Ռուսաստանի հետ սերտորեն կապված երկիր, Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, նույնիսկ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներն է այդ կովկասյան երկրի գլխավոր ներդնողը:

Բացի այդ, Ռուսաստանում են ապրում մեծ թվով հայեր, աշխատում են գործարարներ և մեծահարուստներ, ովքեր իրենց հայրենիքում տնտեսական լուրջ և ծախսատար ծրագրեր են իրականացնում:

«Առանց Ռուսաստանի օգնության Հայաստանը չի կարող պահել Լեռնային Ղարաբաղը, որը սովետական տարիներին փոխանցվել է Ադրբեջանին, հավանաբար, հենց այդ սպառնալիքն ակնարկելով էլ Մոսկվան կփորձի կառուցել հարաբերությունները Երևանի հետ»,- գրել է Անդրե Բալենը:

Handelsblatt-ի մեկնաբանը նախազգուշացնում է, որ «Հայաստանի նոր ղեկավարի չափից շատ ընդգծված արևմտամետ կողմնորոշումը կարող է մահացու հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Հայերը չեն մոռացել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի օրինակները, երկրներ, որոնք գործնականում կորցրել են հսկողությունն իրենց տարածքների մի մասի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG