Մատչելիության հղումներ

«Ազատությունը» հյուրընկալվել է համաժողովրդական շարժման վերաճած «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի տանը:

Վարչապետի ընտրությանը նախորդող գիշերը Նիկոլ Փաշինյանը վերջապես տուն է եկել:

Հորը սպասող 10-նամյա դուստրը՝ Շուշանը նրա համար խմորեղեն էր պատրաստել։

Վերջին մեկ ամսվա ընթացքում չորս երեխաների հայրը տանը հաշված ժամեր է եղել։ Կինը՝ Աննա Հակոբյանը պատմում է, որ երեխաները հորը կա՛մ պատուհանից էին հետևում, կա՛մ ուղիղ եթերում, մեկ-երկու անգամ էլ նրանց հրապարակ է տարել․ - «Արփին մեզ տեսնում էր տանը, ասում էր՝ վայ, պապ, էլի էկե՞լ ես․․․ ճանապարհելիս էլ ասեց՝ էլի կգաս»:

Աննան կարծում է, որ եթե ամուսինը վարչապետ դառնա, ընտանեկան կյանքում շատ բան չի փոխվի, միայն աշխատանքը կավելանա: Իսկ Փաշինյանը հուսով է, որ վերջին մեկ ամսվա համեմատ ավելի քիչ զբաղված կլինի։ Ամենամեծ վախը մարդկանց հիասթափեցնելն է, ասում է նա և շտապում խոստանալ, որ դա չի լինի․ - «Անտրամաբանական կլիներ, որ ամեն ինչ անեի, որ հիասթափվեին»:

Աննան նկատել է, որ վերջին շրջանում քաղաքացիները ամուսնուն սկսել են ավելի շատ սիրել: Ինքը՝ Փաշինյանը դա իր ֆեյսբուքյան էջի լայքերից է զգացել՝ դրանք եռապատկվել են։ Իսկ մեկնաբանություններից եզրակացրել է, որ մարդիկ իր մորուքով կերպարն են շատ հավանել: Դա հավանել է նաև նրա կինը։ Տասնյակ մորուքով նկարներ են նվեր ստացել, դրանցից մեկն էլ տան հյուրասենյակում են փակցրել։

Փաշինյանի կարծիքով, իր այս կերպարը արդեն սիմվոլ է սարձել, իսկ սիմվոլի հետ պետք է զգույշ վարվել․ - «Որովհետև դա արդեն անձնական որոշումների տիրույթից դուրս է եկել»:

42-ամյա Փաշինյանը չի խոստանում, որ կպահի մորուքը, բայց խոստանում է մտածել այդ մասին։ Ասում է, որ իր կերպարը մտածված չէր և դաշտային պայմաններն էին պատճառը, որ այս տեսքը ստացավ։ Մորուքով լինի, թե առանց դրա՝ Նիկոլ Փաշինյանի կինը նրանից, վարչապետ ընտրվելու դեպքում, մեծ սպասելիքներ ունի: Լսել է, որ իրեն էլ առաջին տիկին են անվանում, բայց ինքը համաձայն չէ։ Նրա խոսքով անգամ իրենց թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի լրագրողները հարցումներով չկարողացան պարզել, թե նոր Սահմանադրությամբ ով է լինելու առաջին տիկինը։

Աննա Հակոբյանը հատկապես ուշադրության կենտրոնում էր ապրիլի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո։ Շատերը զարմանում էին, որ նա ժպտում էր և մարդկանց հանգստացնում․ - «Այդ ընթացքում ես շատ արտասվող մարդկանց հանդիպեցի, ամուսինների հետ կանայք քայլում էին, ու արտասվելով էին քայլում: Էլ ի՞նչ էր մնում ինձ այդ ժամանակ, հո չէի՞ նստելու ես էլ իրենց հետ լաց լինեի․․․ մնում էր իրենց մխիթարել, ասել, որ ամեն ինչ լավ է լինելու»:

«Զանգեցի Աննային, ասեցի, որ Սևանում եմ: Հենց որ անջատեցի, նույն րոպեին ինձ նստեցրեն ավտո և տեղափոխեցին Երևանի ձերբակալվածների պահման վայր: Ենթադրում էին, որ մարդիկ որ իմանամ որտեղ եմ, կշրջափակեն այդ տարածքը: Դրա համար էդպիսի օպերացիա էին մտածել, որ հաջորդ օրը բերեն, և Ազգային ժողովում կալանավորման նիստը տեղի ունենա»:

Առիթից օգտվելով՝ Փաշինյանը ձերբակալված ժամանակ հանգստացել է, քնել է, քանի որ ջերմություն ուներ։ Իսկ երբ նրա մոտ սկսեցին գալ տարբեր պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ՝ հասկացավ, որ իրավիճակը ավելի է լարվել․ - «Արա Բաբլոյանն է եկել: Հետո Հրանտ Մարգարյանն է եկել: Հետո Կարեն Կարապետյանն է եկել»:

Այս հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, նաև սերնդափոխություն է բերել: Աշակերտներին և ուսանողներին փողոցում տեսնելով նա հասկացել է, որ հաղթելու են։ Հիշում է, որ 88-ին ինքն էլ 13 տարեկան աշակերտ էր և ցույցեր էր կազմակերպում։ Հիմա Հայաստանին զարգացում է սպասվում: Նա վստահ է, որ այս դրական էներգիան այլ բանի չի կարող հանգեցնել և խոստանում է լինել ժողովրդական վարչապետ․ - «Վարչապետ, որը արդարացնում է ժողովրդի հույսերը»:

Իսկ հիմա Փաշինյանի հայտնի ուսապարկի մասին։ Ի՞նչ էր նա պահում այնտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում: Առաջին անգամ նա տեսախցիկի առաջ բացեց ուսապարկը․ երկու բաճկոն, հիգիենայի պարագաներ, գլխարկ, գուլպա, ատամի փայտիկներ, դեղեր, լիցքավորիչներ, համակարգիչ, դրամապանակ: Փոքր ուսապարկում տասնյակ իրեր էր տեղավորել։

Ուսապարկի պարունակությունից հասկանալի չէր, թե ի վերջո ինչն էր նրան անվերջ քայլելու ու խոսելու համար ուժ տալիս։ Էներգետիկ ըմպելիքներ չի օգտագործել, մարզասրահում է պատրաստվել․ - «Օրումեջ՝ մի օր լողավազան, մի օր մարզասրահ: Եվ շատ մեծ ծանրաբեռնվածությունների եմ ենթարկվել: Ես ասեմ, որ օգոստոսից մինչև փետրվար ամիսը քսան կիլո նիհարել եմ»:

Նիկոլ Փաշինյանի հետ երթերին մասնակցողները ասում են, որ նիհարել են, իսկ գործընթացն էլ «Նիկոլ ֆիտնես» են անվանում։ «Նիկոլ ֆիտնեսի» մասին Փաշինյանը չի լսել, բայց ուրախ է, որ մարդիկ մարզվել են։

Հիմա հանգստանալու ժամանակ չկա: Նա ասում է, որ չի էլ հոգնել, մեծ աշխատանք կա անելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG