Մատչելիության հղումներ

«Մենք մերժել և մերժելու ենք բռնությունը». Նիկոլ Փաշինյանը՝ Ալիկ Սարգսյանին


«Առաջին օրից մեր պայքարը եղել է բաց ձեռքերի, ոչ բռնի քաղաքական պայքար, և ես չեմ պատկերացնում իրադարձությունների զարգացման որևէ սցենար, որ մեզ դուրս բերի այդ տրամաբանությունից և գաղափարաբանությունից», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իշխող Հանրապետականի պատգամավոր Ալիկ Սարգսյանի հարցին։

Փաշինյանը նշեց՝ իրենք մերժել և մերժելու են բռնությունը։

Ալիկ Սարգսյան. - Ընդունենք վարչապետ չընտրվեցիք, պարոն Փաշինյան, ի՞նչ պայքարի ձև եք ընտրելու, արդյո՞ք կոշտ պայքար, որը կարող է տանել առճակատման, պառակտման, կամ անհանդուրժողականության, որը բոլորովին չի բխում մեր ժողովրդի շահերից, և արդյո՞ք չկա տարբերակ որևիցե առողջ երկխոսության։ Ես հասկացա, որ մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ խնդիր չունեք և նույն կուրսը նույն ձևի շարունակելու եք, ձեր խնդիրը ներքին քաղաքականության մեջ է։ Արդյո՞ք չկա տարբերակ, որոշակի կառույցներ, որոշակի օղակներ՝ և՛ գործադիրից, և՛ օրենսդիրից ձեզ հատկացնելու դեպքում, որպես ընդդիմություն, կարողանաք համապատասխան վերահսկողություն ներկայացնեք երկրում և հասցնեք դա հասարակության լայն խավերին։

Նիկմոլ Փաշինյան. - Ինչ վերաբերում է մեր քաղաքական պայքարին, առաջին օրից այդ պայքարը եղել է բաց ձեռքերի, ոչ բռնի քաղաքական պայքար, և ես չեմ պատկերացնում իրադարձությունների զարգացման որևէ սցենար, որ մեզ դուրս բերի այդ տրամաբանությունից և գաղափարաբանությունից։ Մենք մերժել ենք և մերժելու ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլ նաև որպես հակագործողություն, ինչը նշանակում է, որ մենք ոչ միայն բռնություն չենք գործադրելու, այլև մեր նկատմամբ հնարավոր բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու, սակայն եթե անկեղծ ասեմ, քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ նման սցենարների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։

Ալիկ Սարգսյան. - Հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները, որ ծառացել են մեր երկրի առջև և ինչ վիճակում այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, ես ուղղակի կառաջարկեի առողջ երկխոսություն այսպես թե այնպես կայանար, բոլոր կամուրջները քանդելու իմաստը ես էս պահին չեմ տեսնում։

Նիկոլ Փաշինյան. - Ես ասել եմ և ասում եմ՝ որ մեր կառավարության առաջնային նպատակը լինելու է համերաշխության դրսևորումը։ Այսօր իմ վարչապետ ընտրվելուց հետո անմիջապես կձեռնարկեմ ձեր ասած երկխոսության գործընթացը, խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ առանց բացառության, այդ թվում՝ Հանրապետական խմբակցության հետ, և իմ ձգտումն այն է, որ մենք ստեղծված իրավիճակի հետագա լուծման վերաբերյալ լսենք իրար տեսակետները, և ես համոզված եմ, որ դրանցում կլինեն ընդհանուր բանեն, խոսքը ուրիշ բանի մասին է՝ այսօր պետք է արձանագրվի ժողովրդի հաղթանակը և պետք է լինի երկխոսության հիմքը և ես պատրաստ եմ դրան։

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG