Մատչելիության հղումներ

«Ակնհայտ է, որ Հայաստանում ինչ-որ բան արմատապես փոխվել է»․ BBC


Երևան, 1-ը մայիսի, 2018 թ․
Երևան, 1-ը մայիսի, 2018 թ․

«Իրական փոփոխությունները համբերություն և ժամանակ են պահանջելու, ինչպես հայերն են ասում` «կամաց-կամաց»,- գրում է The Nation հանդեսի մեկնաբանը:

«Ինչպե՞ս պատահեց, որ հայկական թավշյա հեղափոխությունը հաղթեց առանց անգամ մեկ կրակոցի արձակման»,- այս հարցին է այսօր փորձել պատասխանել BBC-ն:

«Երբ 42-ամյա Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքից` Գյումրիից սկսեց «Իմ քայլը» կոչվող բողոքի երթը, նրան ընդամենը մի քանի տասնյակ մարդ էր միացել, որոնց մեծամասնությունը լրագրողներ էին: Արդեն ապրիլի 13-ին, երբ նա մուտք գործեց Երևան, հազարավոր մարդիկ էին միացել նրա շարժմանը»,- գրում է BBC-ի թղթակիցը, այսպես նկարագրելով Հայաստանում այս օրերին տիրող մթնոլորտը:

«Երբ հյուրանոցում բարմենը դարակից հանում և սեղանին է տեղադրում ազգային դրոշը, իր աջակցությունը հայտնելով ցուցարարներին, պարզ է դառնում, որ երկրում ինչ-որ բան արմատապես փոխվել է: Նույն զգացողությունն է, երբ տեսնում ես, որ 17 տարեկան դպրոցականը դասի չի գնում` երկու շաբաթ շարունակ մասնակցելով ցույցերին, որովհետև իր պահանջն ավելի լավ կրթությունն է:

Նույն զգացողությունն է, երբ հեռավոր գյուղերի բնակիչները հանկարծ զգում են, որ իրենց ձայնը լսելի է դարձել, երբ 12 տարեկան երեխաները քաղաքացիական անհնազանդության արշավի շրջանակներում ճանապարհներ են փակում»,- գրում է BBC-ի թղթակիցը, հետևյալ եզրահանգումն անելով․ «Շատ հայերի համար սա առաջին անգամն է 1991 թվականից` Խորհրդային Միության փլուզումից ի վեր, երբ նրանք կարող են հավատալ ավելի լուսավոր ապագային»:

Հայաստանյան իրադարձություններին անդրադառնում է նաև Euronews ալիքը: Երկուշաբթի երեկոյան հեռուստաընկերությունը հեռարձակել է Նիկոլ Փաշինյանի հետ արված բացառիկ հարցազրույցը: Դիմելով Փաշինյանին` Euronews-ի թղթակիցը հարցնում է․ «Կարծես թե քաղաքական այս փուլի հաղթողը դուք եք: Ի՞նչ զգացողություն ունեք այս առթիվ»:

«Կարծում եմ, որ հաղթողը Հայաստանի ժողովուրդն է, որն աջակցություն հայտնեց մեր այն գաղափարին, որ երկիրը փոփոխությունների և նոր կառավարության կարիք ունի»,- ի պատասխան, նշում է Փաշինյանը: Խոսելով վարչապետ ընտրվելու դեպքում իր առաջնահերթությունների մասին՝ նա ասում է․

«Թիվ մեկ առաջնահերությունն ինձ համար լինելու է իրապես ազատ, արդար և օրինական ընտրությունների կազմակերպումը: Կարծում եմ, որ այդ ընտրությունները պետք է հնարավորինս շուտափույթ կազմակերպվեն: Դրա հետ մեկտեղ, սակայն, մենք հասկանում ենք, որ ընտրությունների անցկացման ժամկետների հարցում մենք պետք է կոնսենսուսի հանգենք քաղաքական մյուս ուժերի հետ»:

«Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հեղափոխութունը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային նշանակություն ունի: Այս բողոքի գործողություններից ուղղակի դասեր կարող են քաղել ոչ միայն Ռուսաստանի կամ նախկին խորհրդային մյուս հանրապետությունների քաղաքացիները, այլև մյուս պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների բնակիչները»,- գրում է ամերիկյան The Nation հանդեսի մեկնաբանը, շարունակելով․

«Մի ժամանակաշրջանում, երբ ամերիկյան ժողովրդավարության դիրքերը թուլացել են կորպորատիվ պլուտոկրատների գործողությունների պատճառով, քաղաքացիական ակիվիստների կազմակերպումն ու մոբիլիզացիան օլիգարխների, կոռուպցիայի և ոչ թափանցիկ կառավարաման նման գործողությունների դեմ լավագույն պատասխանն է»: The Nation-ի հոդվածագիրը նաև նկատում է․ «Այս առումով՝ Հայաստանը խաղաղ քաղաքացիական ակտիվության օրինակ է ոչ միայն Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Ադրբեջանի, այլև Միացյալ Նահանգների համար»:

Հանդեսի մեկնաբանը նաև զգուշացնում է՝ ոգևորությունը, սակայն, պետք է որոշակիորեն հավասարկշռվի իրատեսության առողջ չափաբաժնով: «Իրական փոփոխությունները համբերություն և ժամանակ են պահանջելու, ինչպես հայերն են ասում` «կամաց-կամաց»,- գրում է The Nation հանդեսի մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG