Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հաստատել է, որ երկրի զինված ուժերը ստացել են ամերիկյան արտադրության Javelin հակատանկային հրթիռային համակարգը, ինչը, նրա խոսքով, «էականորեն կամրապնդի» բանակի մարտունակությունը և պետության անվտանգությունը:
Javelin-ը շարժական հակատանկային հրթիռային համակարգ է, որը ի վիճակի է ոչնչացնել զրահատեխնիկա, տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ:
2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային օդային զենքի՝ այդ թվում Javelin-ի վաճառքի մասին որոշում է կայացրել: Սա Ուկրաինային մահաբեր զենքի վաճառքի առաջին թույլտվությունն է, ինչը խախտում է ամերիկյան նախորդ՝ Բարաք Օբամայի վարչակազմի փաստացի արգելքը:
Մոսկվան ավելի վաղ արձագանքելով Թրամփի վարչակազմի այդ որոշմանը՝ հիասթափություն էր հայտնել, պնդելով, որ ԱՄՆ-ը, զինելով Ուկրաինայի իշխանություններին, Կիևին հրահրում է լայնածավալ արյունահեղության Դոնբասում:
2014-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների և ուկրաինական զինուժի միջև հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար մարդ է զոհվել: