Հայաստանը պարտադիր պետք է ունենա վարչապետ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Հայաստանի Հանրապետությունը կունենա վարչապետ, և մենք չենք խոչընդոտելու ընտրություններին», - ասաց խորհրդարանական մեծամանության ղեկավարը։
Հարցին, թե չի՞ խոստանում, որ վարչապետ կունենանք այսօր, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Այսօրվա ընթացքը ցույց կտա, բայց, համենայն դեպս, մենք վարչապետ կունենանք իր սահմանադրական ժամկետում, դա տրամադրվածություն է, որովհետև երկիրը չի կարելի պարալիզացված պահել։ Հնարավոր է նաև այսօր։ Ենթադրենք, եթե այսօր չի լինում, կարծեմ յոթնօրյա ժամկետում մենք պետք է ունենանք նորից ընտրություններ, հակառակ դեպքում, ես ասում եմ, դուք գիտեք, թե ինչ է Սահմանադրությունը հուշում՝ որ մենք պետք է տանենք Ազգային ժողովը լուծարման, իսկ դա երկիրը բավականին հետ կգցի»։
«Հնարավո՞ր է, որ տապալվի», - լրագրողներից մեկի այս հարցին Բաղդասարյանը արձագանքեց․ - «Տապալվել՝ նիստը չի տապալվելու»: «Չէ, չէ, ընտրությունը, վարչապետի ընտրությունը՝ Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ», - այս ճշգրտման էլ նա պատասխանեց․ - «Ես չեմ կարող որևէ հայտարարություն անել, եթե Հայաստանը այսօր կախված է տրամադրվածությունից պատգամավորների, բայց Հայաստանը պարտադիր պետք է ունենա վարչապետ»:
«Այսինքն, չեք բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է և չընտրվել», - սրան էլ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը հակադարձեց․ - «Ես բազմիցս եմ ասել, ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, ոչինչ»:
«Ազատության» հարցին՝ «բայց երբ ասում էիք չտապալել, արդյո՞ք նկատի չունեիք, որ վարչապետը կընտրվի այսօր», Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ - «Չէ, ես խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք, Հայաստանի Հանրապետությունը կունենա վարչապետ, և մենք չենք խոչընդոտելու ընտրություններին, այսինքն՝ այն մտավախությունը, որ բոյկոտել և այլն, նման բան չի լինելու, և ես դա եմ հորդորել և նաև բոլորը միասնական ասել են, որ այդ ձևով, այդ ճանապարհով մենք առաջ չենք գնա»:
«Ազատություն»․ - Երբ ասում էիք՝ չխոչընդոտել, ի՞նչ նկատի ունեիք:
Վահրամ Բաղդասարյան․ - Որ պետք է նիստը կայանա:
«Ազատություն»․ - Միայն քվորումի՞ մասին էիք խոսում:
Բաղդասարյան․ - Այո, քվորումի: Բայց ինչ է, Ձեր կարծիքով, ես պետք է արդեն որոշում կայացնեի, որ անցնում ենք, ձայները տալիս ենք կամ չե՞նք տալիս: Ես իրավունք չունեմ նման որոշում կայացնելու:
«Ազատության» խնդրանքով անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հանրապետականը գիշերային ժողովի ժամանակ՝ կուսակցության ղեկավար, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որոշել է տապալել վարչապետի ընտրությունները, ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց․ - «Երեկ մենք խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ժամանակի սղության պատճառով, որովհետև կար նախնական պայմանավորվածություն պարոն Փաշինյանի հետ, որ ինքը պետք է գնա հավաքի, մեր հարցերը մնացին կիսատ, այսինքն՝ հերթագրված 25 պատգամավորներից 13-ը հասցրեցին հարց հղել, և 12-ը չեն հասցրել, և անմիջապես դրանից հետո մենք որոշում կայացրեցինք, որ երեկոյան ևս մեկ անգամ անենք խմբակցության նիստ: Նաև մենք արել ենք գործադիր մարմնի նիստ երեկոյան: Եվ մեր երեկոյան խմբակցության նիստում որոշում կայացվեց, որ առավոտյան մենք կլսենք պարոն Փաշինյանի ծրագրային դրույթները, որից հետո մեր պատգամավորները իրենց հարցերը կավարտեն, այդ հարցերը ավարտելուց հետո արդեն խմբակցությունը միասնական որոշում կկայացնի»:
«Իսկ ինչ մնում է խոչընդոտելուն, մենք ասել ենք՝ մենք չենք խոչընդոտի նիստի կայացմանը, և բոլոր պատգամավորները՝ մեր պատգամավորները, ներկա կլինեն, նիստը կկայանա, որպեսզի մենք հնարավորություն ունենանք վարչապետի թեկնածուի ծրագրային դրույթները լսենք և հարցերը բարձրացնենք», - հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:
«Ազատություն»․ - Այսինքն, երբ ասում էիք՝ չխոչընդոտել, նկատի ունեիք, որ միայն քվորո՞ւմ կապահովեք:
Բաղդասարյան․ - Չխոչընդոտել, նիստը չխոչընդոտելու մասին է, մենք բնականոն ձևով պետք է աշխատանքը տանենք: Իսկ ինչ եք կարծում՝ ես միայնակ պետք է որոշում կայացնեմ և արդեն նշանակեի կամ վարչապե՞տ: Ես իրավունք չունեմ միայնակ որոշումներ կայացնելու: Որոշումը պետք է կայացնի խմբակցությունը:
Նրա խոսքով՝ խմբակցությունում «կարծես հակված են միասնական որոշում կայացնելու, և միասնական որոշումը այսօր օրվա ընթացքում կկայացնի Հանրապետական խմբակցությունը»:
«Ազատություն»․ - Կա՞ն մարդիկ, որոնք ձեր հավաքի ժամանակ կողմ քվեարկելու մասին հայտարարություններ են արել:
Բաղդասարյան․ - Ես խնդրում եմ, եթե դա անհրաժեշտությունը լիներ, մենք բաց կանեինք, ոնց որ երեկ նիստը բաց արեցինք: Մենք արել ենք փակ նիստ, և խմբակցության նիստերի արտահայտությունները կամ ելույթները ես իրավունք չունեմ դուրս բերել:
Խորհրդարանն այսօր հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Առաջադրված միակ թեկնածուն Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է։
Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:
Գիշերը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իշխող կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:
Նշենք, որ վարչապետ ընտրվելու համար «Իմ քայլը» շարժման առաջնորդին անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի 105 պատգամավորներից առնվազն 53-ի քվեն։ Ազգային ժողովի «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները հայտարարարել են Փաշինյանին սատարելու մասին։ Այս երեք ուժերի ձայները գումարը կազմում է 47, մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում 58 մանդատ ունի, և հետևաբար ՀՀԿ քվեներից է կախված, թե արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորը կընտրվի վարչապետ։
Եթե, ինչպես Փաշինյանն է ահազանգում, ԱԺ մեծամասնությունը ձախողի այսօրվա ընտրությունը, ապա 7 օր անց նշանակվելու են նոր ընտրություններ։