Մատչելիության հղումներ

Արարատցիները, ի հեճուկս մարզում դեռևս սռկա վախի մթնոլորտի, սատարում են Նիկոլ Փաշինյանին


Արարատի մարզի բազմաթիվ բնակիչներ այսօր հավաքվել էին Արարատ քաղաքում՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

Քաղաքի կենտրոնական հրապարում հավաքվածները «ՀՀԿ, հեռացի'ր», «Նիկոլ վարչապետ» պաստառներով և միասնության կոչերով հանրահավաքից հետո քայլերթ, ապա նաև ավտոերթ իրականացրին դեպի Երևան։

Մոտ մեկ շաբաթ առաջ Արարատում հայտարարված հանրահավաքը, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, չէր կայացել մասնակիցների վրա քաղաքային իշխանությունների կողմից ճնշումների պատճառով։

Մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանի խոսքով, այսօր արդեն արարատցիները դուրս են եկել փողոց՝ հաղթահարելով մարզում առկա վախի մթնոլորտը. - «Սիրելի արարատցիներ: Այստեղ ես ավելի շատ տեսնում եմ շրջակա գյուղերից եկած մարդկանց, քան բուն Արարատի բնակիչների: Ինձ թվում էր, թե Արարատում էդ վախի մթնոլորտը կորել է: Ես հավատում եմ, որ դա այլևս իրականություն է․ արարատցու մեջ վախը գոյություն չունի: Մեկ օր անց միգուցե այս հրապարակը տասնապատիկ լինի»:

Նրա խոսքով՝ ընդդիմության պայքարի ողջ ընթացքում Արարատի մարզում փորձել են խոչընդոտել իրենց խաղաղ հավաքներն ու երթերը․ - «Եթե ժողովուրդը ոտքի ելավ, սրբելու է, տանելու է ամեն այդպիսի դրսևորումներ, որ իրեն պահել է վախի մեջ, որ իրեն պահել է քծնանքի մեջ»:

Գյուղապետը նաև նշեց, որ մինչև այսօր մարզից ընդդիմության շարժմանը միացել է Մասիսի շրջանի Մարմարաշեն համայնքը՝ ղեկավարի հետ միասին:

Մյուս համայնքների մասին Գարիկ Սարգսյանն ասաց․ - «Ես նրանց առաջարկել եմ, որ իրենք նույնպես կանգնեն իրենց ժողովրդի կողքին և միանան համաժողովրդական շարժմանը, սակայն մինչ օրս ես նրանց կողմից ոչ մի արձագանք չեմ ստացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG