Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ Արևմուտքի և Ռուսաստանի ուշադրության կենտրոնում


Հայաստանյան ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները, Երևան, 30-ը ապրիլի, 2018 թ.
Հայաստանյան ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները, Երևան, 30-ը ապրիլի, 2018 թ.

«Կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ երկխոսությունը»

Հայաստանյան զարգացումները թե՛ արևմտյան մայրաքաղաքների և թե՛ Մոսկվայի ուշադրության կենտրոնում են: Ժողովրդավարության կանոնները պահպանելու և հարցերն օրինական կարգով լուծելու մասին կոչերից զատ միջազգային քաղաքականության խոշոր կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ ուղղություն կընտրի երկիրը իշխանափոխությունից հետո:

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում բարեկեցիկ, ժողովրդավարական հասարակություն կայացնելու ջանքերին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության պատվիրակությունը, որի ուղերձում կարևորվում է նաև բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը:

Եվրամիությունն աջակցում է սահմանադրական կարգով հարցը լուծելու մոտեցմանն ու այդ առումով՝ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: Եվրամիությունը կարևորում է նաև իրավապահների ու հավաքների մասնակիցների փոխադարձ զսպվածությունը:

Վաշինգտոնը ևս սատարում է Արմեն Սարգսյանի ջանքերին

Նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նոյերթը, ով ընդգծել է, որ իբրև Հայաստանի բարեկամ՝ Միացյալ Նահանգները հորդորում է բոլոր կողմերին բարեխիղճ բանակցությունների միջոցով կայացնել հանգուցալուծումը:

Ինչպես Եվրամիությունը՝ Վաշինգտոնը ևս սատարում է երկխոսությանը նպաստելուն ուղղված՝ նախագահ Սարգսյանի ջանքերը: Նոյերթը նշում է, որ Միացյալ Նահանգներում գոհունակությամբ են արձանագրում ցույցերի խաղաղ բնույթը և հավատում են, որ և՛ իրավապահները, և՛ խաղաղ ցույցերի իրավունքն իրականացնող մարդիկ կշարունակեն զերծ մնալ բռնություններից:

«Աննախադեպ շարժումն իշխանության վակուում է առաջացրել»

Միջազգային մամուլը շարունակում է հետևել Հայաստանում նոր վարչապետի ընտրության նախօրեին տեղի ունեցող իրադարձություններին: Լոնդոնում լույս տեսնող The Guardian-ը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած աննախադեպ լայնածավալ շարժումն անսպասելիորեն ստեղծել է իշխանության վակուում: Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց, ապա հրաժարական ներկայացնելուց հետո անդադար ցույցեր են տեղի ունենում, նշում է պարբերականը:

Independent-ը, իր հերթին, նշում է՝ Հայաստամում «անարյուն և կայծակնային թավշյա հեղափոխությունը» շատերի համար էր անակնկալ, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն արդեն դարձել է այդ շատ ավելի երկար պատմության ընդամենը դրվագներից մեկը:

Մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ինչին պետք է հաջորդեն արտահերթ ընտրություններ: Հանրապետականները հուսով էին, որ ամեն ինչ կհանդարտվի Կարեն Կարապետյանի առաջադրումով, սակայն շատ արագ պարզ դարձավ, որ այդ նախագիծը չի աշխատի: Դժվար թե որոշումը հեշտ ընդունվի: «Սա մայդան չէ»,- ըստ պարբերականի՝ հայտարարել է Փաշինյանը, ընդգծելով՝ որևէ օտար պետություն մի կոպեկ էլ չի ծախսել այս շարժման վրա:

«Բողոքից ծնված Հայաստանն իր տեղն է որոնում»

Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը «Профиль» հանդեսում այս զարգացումները դիտարկում է ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Սերժ Սարգսյանին հաճախ են քննադատել, նշելով, որ նրա լեգիտիմության պակասը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, քանի որ թույլ լեգիտիմությամբ ղեկավարը դրսի ուժերի ազդեցության և ներգործության հեշտ թիրախ է:

«Բայց Հայաստանում կա մի պարադոքս՝ եթե վերստին սրվի կոնֆլիկտը, դա կդառնա հաշտեցման նոր գործոն, խոսքը ոչ թե հայերի և ադրբեջանցիների, այլ հայ հանրության տարբեր շերտերի հաշտեցման մասին է: Անկախ Փաշինյանի, Սարգսյանի կամ մեկ ուրիշի հանդեպ վերաբերմունքից, ղարաբաղյան սրացումը միայն միավորում է հայերին:

Բողոքից ծնված Հայաստան երկիրը շարունակում է իր տեղը որոնել բարդ տարածաշրջանում և սրընթաց փոփոխվող աշխարհում»,- կարծիք է հայտնել Մարկեդոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG