Մատչելիության հղումներ

Կա ճգնաժամի կարգավորման միայն մեկ ուղի՝ սահմանադրական․ Արմեն Սարգսյան


Արմեն Սարգսյան, արխիվ

ՀՀ նախագահը հարցազրույց է տվել Բելառուսի համազգային հեռուստատեսությանը:

«Հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը կարող է կարգավորվել միայն մեկ ճանապարհով՝ Սահմանադրության շրջանակում, այլ տարբերակ չկա»: Այս մասին Բելառուսի համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ կառուցողական գնահատելով իր վերջին հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ:

«Կա միայն մեկ ճանապարհ՝ սահմանադրական, այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Ոչ ոք չի կարող և չպետք է բացի «Պանդորայի արկղը», երբ մարդիկ կսկսեն չհարգել Սահմանադրությունը: Եթե մեկ անգամ դա լինի, կլինի երկրորդ, երրորդ անգամ, և այդժամ ոչնչով չենք կարող առաջնորդվել»,- ասել է Սարգսյանը:

Բելառուս լրագրողի հարցին՝ արդյո՞ք Հայաստանն ունի ապագա Փաշինյանի հետ, և արդյո՞ք ընդդիմադիր առաջնորդը կարող է պատասխանատվություն ստանձնել Հայաստանում այժմ կատարվող ու վաղը սպասվող զրագացումների համար, Արմեն Սարգսյանը պատասխանել է, թե առանձին անհատներին ու քաղաքական գործիչներին գնահատականներ տալը նախագահի գործը չէ: «Իմ խնդիրն է՝ նրանց բերել փոխհամաձայնության», ասել է Սարգսյանը, փաստելով, որ անցած օրերի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել՝ «ծայրահեղ ձախերից մինչև ծայրահեղ աջերի հետ»:

«Ես հանդիպել եմ բոլորի հետ: Երեկ շատ ուշ երեկոյան երկարատև հանդիպում եմ ունեցել նաև պարոն Փաշինյանի հետ, մեր զրույցը կառուցողական էր, և տա Աստված, որ մենք գանք փոխհամաձայնության»,- նշել է ՀՀ նախագահը: Բելառուսի համազգային հեռուստաընկերության լրագրողները հետաքրքրվել են՝ ո՞րն էր մարդկանց ընդվզման պատճառը, ո՞ր պահին Հայաստանի քաղաքական համակարգը խափանվեց և ի՞նչը դրան նպաստեց: Ի պատասխան, Սարգսյանը նշել է՝ խնդիրները խորն էին և նոր չէին ի հայտ եկել:

«Կան արտաքին և ներքին ազդեցություններ, տնտեսական դժվարություններ, սոցիալական անարդարություն, կոռուպցիա: Կամ այն, որ երիտասարդները ցանկանում էին ավելի հստակ պատկերացում ունենալ իրենց ապագայի մասին: Կարծում եմ՝ սա բարդ հարց է, որը կուտակվել է տարիների ընթացքում՝ կառավարության և ժողովրդի միջև երկխոսության բացակայության պատճառով, և այս պահին զգացմունքային առումով դուրս եկավ իր սահմաններից»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նա խուսափել է հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ «հնարավո՞ր է, որ Հայաստանը կրկին վերադառնա նախագահական կառավարման համակարգին», միայն նշելով. «Այսօր մենք ունենք այս Սահմանադրութունը և պետք է առաջնորդվենք դրանով: Այս օրերին շարունակվող ազգային երկխոսության ընթացքում պետական մեխանիզմը չպետք է քանդվի»:

«Բժիշկը պետք է բուժի, անկախ նրանից՝ գոհ է, թե ոչ, զինվորը պետք է ծառայի, ոստիկանը պետք է հետևի օրենքներին, դատավորը պետք է լինի իր դիրքերում, գիտնականը՝ զբաղվի գիտությամբ, իսկ գործարարները՝ իրենց բիզնեսով: Ցանկացած քաղաքացի ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք: Սակայն պետականության կառուցվածքը, ողջ ապարատը, մեխանիզմը պետք է աշխատի համակարգված, և այստեղ նախագահի խոսքը հստակ է»,- ասել է Սարգսյանը:

Եվրասիական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի դաշնակից Բելառուսի լրագրողները նաև հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է, որ պաշտոնական Երևանը վերանայի իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Ի պատասխան, Արմեն Սարգսյանը պնդել է՝ սահմանադրորեն իրեն տրված լիազորությւոնների շրջանակում թույլ չի տա, որ Հայաստանի շահերի դեմ քայլեր արվեն:

«Եվրասիական տարածաշրջանը բարեկամական տարածաշրջան է, այստեղ մեր հանդեպ բացարձակ բարեկամական ու եղբայրական երկրներ են: Բաեկամությունից բացի սա նաև հսկայական շուկա է Հայաստանի համար, հետևաբար մեր մասնակցությունը եվրասիական տարածքում ելնում է մեր առանցքային հետաքրքրություններից, այլ ոչ թե՝ որովհետև ինչ-որ մեկը մեզ որևէ տեղ է հրում: Կարծում եմ ով էլ, ի վերջո, լինի կառավարությունում, ես անձամբ որևէ պարագայում, այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են ինձ սահմանադրորեն, թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն»:

Հարցազրույցում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծելով՝ դա միայն Հայաստանի խնդիրը չէ. այն նաև Արցախի ժողովրդինն է ու Ադրբեջանինը: «Կոչ կանեի, որ Հայաստանում այս դժվարին պահին, ինչից աշխարհում ոչ ոք երաշխավորված չէ, բոլորը ցուցաբերեն զսպվածություն, որպեսզի չլինեն սադրանքներ, չլինեն բախումներ, ժամանակը չէ»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG