Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքը որոշեց միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին


«Ծառուկյան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, արխիվ

Ազգային ժողովում այսօր կայացավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ:

Հանդիպման արդյունքում, որին, ի դեպ, դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում, խմբակցությունը որոշեց Հայաստանի վարչապետի ընտրություններում միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին:

Հանդիպումից հետո խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Ազատությանը» ասաց, որ կառավարությանը «Ծառուկյան» դաշինքի մաս կազմելու հարց չի քննարկվել: Նա նաև նշեց, որ վարչապետի ընտրությունից հետո անպայման քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» խմբակցությունը այսօր որոշել է նրան առաջադրել Հայաստանի վարչապետի պաշտոնում:

Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը Ազգային ժողովի՝ մեծությամբ երկրորդ խմբակցությունն է, դրանում ընդգրկված է 31 պատգամավոր:

Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, շաբաթ օրը հայտարարեց, որ իր ամբողջ թիմով մեկ մարդու պես ձայնը տալու է «ժողովրդի թեկնածուին»:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է «պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»: Նրա այս հայտարարությունը ջերմ ընդունելության արժանացավ հրապարակում հավաքված հազարավոր աջակիցների մոտ:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG