Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվում և կսատարի «ժողովրդի թեկնածուին»:

Այս մասին Ծառուկյանը հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի հետ զրույցում:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

Ղազարյան․ - Պարոն Ծառուկյան, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այս շարժմանը:

Ծառուկյան․ - Շարժմանը շատ դրական եմ վերաբերվում: Ամենակարևորը՝ ուզում եմ ասել, որ այս շարժումը ոչ թե մեկ տարվա, երկու տարվա ինչ-որ հարց էր, այլ սա տարիների կուտակված ժողովրդի դժգոհությունը, իրենց խոսքը անարդարության հանդեպ, կոռուպցիայի, մենաշնորհի, սոցիալական, տնտեսական, քաղաքական, հարկային, բանկային․․․ որ այդ բոլորը տարիների ընթացքում կուտակված հարց էր և Հանրապետական կուսակցության ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ, որ ժողովրդի մոտ արդեն կուտակվել էր ատելություն, անվստահություն, որ ամեն անգամ ասելով՝ «բոլոր ճանապարհները տանում են Մելիք Ադամյան», «ոնց որոշենք՝ այդպես կլիներ», արդեն դա ժողովրդի մեջ պայթյունավտանգ էր: Բոլորս էլ գիտեինք դա, զգում էինք, բայց չգիտեինք երբ էր դա լինելու ու ամենակարևորը՝ տեսանք որ եղավ: Այո՛, ժողովուրդը միանգամից ոտքի կանգնեց և դա ժողովրդի հաղթանակն է, մեր այն երիտասարդների հաղթանակն է, որը հույսով, հավատով ճանապարհ են անցնում, կյանք են մտնում և տեսնելով անարդարությունը, որ դրանից արդեն հիասթափված ամեն ինչի գնացին՝ հանուն անկախության, հանուն իրենց ապագայի, իրենց կյանքի: Փառք ու պատիվ մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը, որ իրենց մասնակցությամբ հաղթանակը տարան: Իրենք են հաղթել և որոշողը, ապագայի կերտողը իրենք են:

Միշտ էլ ասել եմ՝ ժողովուրդն է որոշողը, բայց այս անգամ լիարժեք իրենց հաղթանակն է, իրենց կատարածն է, իրենք պետք է որոշումը կայացնեն և ամենակարևորը, որ ճիշտ ապագա կերտվի, որ այդ ժպիտն ու ուրախությունը հարատև լինի:

Ղազարյան․ - Պարոն Ծառուկյան, հիմա բոլորը սպասում են մայիսի 1-ին Ազգային ժողովում տեղի ունեցող վարչապետի քվեարկությանը: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

Ծառուկյան․ - Մեր դիրքորոշումը այլ կերպ չի կարող լինել: Եթե հաղթանակը ժողովրդինն է, որևիցե մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակը իր վրա վերցնելու: Ժողովրդինն է, ժողովուրդը պետք է որոշի, առաջարկի թեկնածուին: Ես իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին:

Ղազարյան․ - Ժողովրդի ներկայացրած թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Ծառուկյան․ - Ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլն է, Սասունն է, Արարատն է՝ ես նորից եմ ասում, ժողովուրդը ում կհայտարարի, ում կներկայացնի՝ մենք մի մարդու պես մեր ձայնը տալիս ենք ժողովրդի թեկնածուին: Եվ մենք էլ թեկնածու չենք առաջադրում, որովհետև ժողովրդի հաղթանակը մենք մեր վրա չենք վերցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG