Մատչելիության հղումներ

Իոաննիսյան․ Ոստիկանությունը հատուկ միջոցների մասով խախտեց համարյա ամեն ինչ


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի օրերին ոստիկանությունը երկու անգամ հատուկ միջոցներ կիրառեց հանրահավաքները ցրելու նպատակով, առաջին անգամ՝ Բաղրամյան պողոտայում ապրիլի 16-ին, երկրորդ անգամ՝ Արցախի պողոտայում ապրիլի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու ժամանակ։

Ոստիկանությունը պնդում է, որ կիրառվող միջոցները փորձաքննություն են անցել Առողջապահության նախարարության կողմից: Ապրիլի 16-ից հետո, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե կիրառվող միջոցներն անվտանգ են․ - «Ամեն դեպքում, դրանք հատուկ միջոցներ են, որոնք մարդու կյանքին և առողջությանը անդառնալի վնաս չեն կարող պատճառել, լուրջ վնաս չեն կարող պատճառել: Ճիշտ օգտագործելու պարագայում դրանք լրիվ անվտանգ են, անվնաս են, անցել են բժշկական փորձաքննություններ, և ըստ այդ փորձաքննությունների արդյունքների ընդգրկվել են ոստիկանության սպառազինության մեջ»:

Նշենք, որ այդ օրը կիրառված միջոցներից հետո նաև ոստիկան էր վնասվել։

Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառումից վիրավորվել է նաև Նիկոլ Փաշինյանի համակիր՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

«Երբ մեր ոստիկաններից մեկը «Ելք»֊ի պատգամավոր Լենա Նազարյանին սկսեց հրմշտել, իսկ Լենան արդեն իսկ վնասվել էր, և ձեռքը արյուն էր ամբողջությամբ, ես իջա «Նիվայից» և ասացի՝ մի արա, դու Ազգային ժողովի պատգամավորի հետ ես հիմա շփվում, դու դրա իրավունքը չունես․․․ Եվ այդ պահին ես նկատեցի, որ վահան է գցած այդ փշալարերի վրա․ փորձեցի դա հետ քաշել, ու էդ րոպեին պայթյունը տեղի ունեցավ: Հետո արդեն, անկեղծ ասած, վատ եմ հիշում», - «Ազատության» հետ զրույցում պատմեց նա:

Սիմոնյանը ցույց է տալիս վնասվածքներն ու պնդում, որ լուսաձայնային նռնակների կիրառումը պետք է արգելվի ընդհանրապես, դրանք չեն կարող անվտանգ լինել:

Իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, որը նույնպես ներկա էր Բաղրամյան պողոտայում, պնդում է, որ ոստիկանությունը, ինչպես երկու տարի առաջ, այս անգամ ևս խախտեց սահմանված նորմերը․ - «Բազմաթիվ լուսաձայնային նռնակներ, օրինակ, արգելված է նետել մարդուց 2.5 մետրից փոքր հեռավորության վրա: Բայց այդտեղ մարդկանց խտությունն այնքան բարձր էր, որ որտեղ էլ նետեին, 2.5 մետրը չէր պահպանվելու, ինչը և տեղի ունեցավ: Դրա արդյունքում որոշ ցուցարարներ կոնտուզիա ստացան, որոշ ցուցարարներ բեկորային վնասվածքներ ստացան: Ըստ էության, ոստիկանությունը այդ հատուկ միջոցների մասով խախտեց համարյա ամեն ինչ, ինչ որ կարելի է խախտել: Խախտեց օրենքի այն դրույթը, որը արգելում է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, խախտեց խաղաղ ցուցարարների պաշտպանության իր առաքելությունը, խախտեց հատուկ միջոցի կիրառման դեպքերը սահմանող օրենսդրությունը, սխալ կիրառեց այն, որովհետև նռնակներից մեկը ոստիկանի վրա գցեցին»:

Իոաննիսյանը նամակներ է հղել ոստիկանություն՝ խնդրելով պատասխանել, թե ինչ տեսակի հատուկ միջոցներ են կիրառվել անցած օրերի ընթացքում և քանի տուժած կա։ Նա պնդում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ այդ միջոցների կիրառումը անօրինական է․ - «Սահմանափակումներ կան կապված, օրինակ, հաշմանդամների, երեխաների, հղի կանանց․․․ ոստիկանությունը համոզվե՞լ էր, որ այդտեղ հղի կանայք, հաշմանդամներ, երեխաներ չկային: Ո՛չ, այդտեղ կային հաշմանդամներ, հղի կանայք և երեխաներ»:

Իոաննիսյանը տարակուսում է՝ 11 հազար անձնակազմ ունեցող այս համակարգում դեռ չեն սովորել, թե ինչպես կիրառել հատուկ միջոցները և առհասարակ ինչպես վարվել հանրահավաքների ժամանակ։

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ անցած օրերին հատուկ միջոցներից տուժածների վերաբերյալ հստակ վիճակագրություն չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG