Մատչելիության հղումներ

Նախկին նաիրիտցիները պահանջում են մինչև նոր կառավարության ձևավորումը կասեցնել սնանկության գործընթացը


«Նաիրիտ» գործարանը, արխիվ
«Նաիրիտ» գործարանը, արխիվ

«Նաիրիտի» սնանկության կառավարիչն այսօր առաջին անգամ համաձայնել էր ընդունել քիմիական գործարանի նախկին աշխատողներին։ Նրանց պահանջն է՝ ժամանակավորապես դադարեցնել սնանկության գործընթացը, մինչև երկրում նոր կառավարության ձևավորումը:

Հիշեցնենք՝ 2016-ի նոյեմբերին դատարանը բավարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցը, ինչի արդյունքում «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց։ Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն գործարանի նախկին աշխատողներին խորհուրդ է տալիս գործարանի գույքի օտարումը դադարեցնելու պահանջով այլ մարմնի դիմել, ինչպես օրենքն է նախատեսում։

«Եթե դուք մտածում եք, որ էն մասը, որը ներկայում դրված է, պետք է, կամ չպետք է օտարվի, ուրեմն ի՞նչ պետք է արվի՝ առաջին հերթին պետք է դիմեք պարտատերերի խորհրդին և դատարան, որպեսզի կասեցվի օտարման գործընթացը»,- բացատրեց Ասատրյանը: Նրա կարծիքով՝ ընդհանուր համալիրը շահագործելու համար ներդրող գտնելն ավելի բարդ է, քան առանձին արտադրությունների դեպքում։

«Նաիրիտի» աշխատակիցները կառավարչի հետ հանդիպումից հետո գործարկման հարցերով զբաղվող՝ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանին տեղեկացրեցին, որ սնանկության կառավարչին չեն հավատում, քանի որ վստահ են՝ արդեն իսկ օտարվել են այնպիսի սարքավորումներ, առանց որոնց գործարանի հետագա շահագործումն անհնար է։ «Պատի տակ որ խոսում ենք, սաղս ասում ենք՝ տարան, տարան, տարան: Հիմա պետք ա իմանանք՝ էդ տարածն ինչ ա, որ կարողանանք կոնկրետ խոսենք»,- ասաց գործարանի աշխատողներից մեկը:

Սնանկության կառավարչի հետ հաջորդ հանդիպումը նախատեսված է գալիք չորեքշաբթի: Գործարանի նախկին աշխատողներն այդ օրը կառավարչից պահանջելու են ներկայացնել, թե ինչ գույք է օտարվել: Գործարանի առջև այսօր հավաքված նաիրիտցիներին նաև հետաքրքրում էր՝ արդյո՞ք դեռ կան ներդրողներ, որոնք պատրաստ են վերականգնել քիմիական արտադրությունը։

«Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ սպասում են երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը՝ «Նաիրիտը» վերագործարկելու «հին պահանջը» նոր կառավարությանը ներկայացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG