Մատչելիության հղումներ

Հայկական «թավշյա հեղափոխությունը» ռուսական լրատվամիջոցների հիմնական թեմաներից է


Հայաստան - Ապրիլի 25-ի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում
Հայաստան - Ապրիլի 25-ի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում

Հայկական «թավշյա հեղափոխությունը» դարձել է ռուսական բոլոր լրատվամիջոցների հիմնական թեմաներից մեկը։

Vesti.ru-ն, օրինակ, առանձին սյունակ է բացել իր էջում «Իշխանափոխությունը Հայաստանում» վերնագրով։

Հայաստանյան իրադարձությունները արդեն դարձել են նաև ռուսական դաշնային հեռուստաընկերությունների թոք շոուների քննարկման թեման՝ դեռ, այսպես ասած, զգույշ, կարճ, բայց երեկ, օրինակ, «Երեկոն Սոլովյովի հետ» ծրագրի ստուդիայում թեման հինգ րոպե քննարկվել է:

Փոխվել է նաև ռուսական մամուլի տոնայնությունը: «Կոմերսանտ»-ը, օրինակ, հայաստանյան իրադարձությունների մասին իր հրապարակումներում և լուրերում առանձնացնում է Նիկոլ Փաշինյանի՝ «Եթե ինձ վարչապետ չընտրեն, ուրեմն չեն ընտրի ոչ ոքի» հայտարարությունը, իսկ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունն էլ մի հոդված է հրապարակել այսօր, որի վերնագիրն է՝ «Հայաստանը ժողովրդավարության և ամբոխապետության [օխլոկրատիա] միջև»:

Ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասում է, որ պաշտոնական Մոսկվան սպասողական դիրքորոշում է որդեգրել, թեև արդեն ակնհայտ երևում է, որ համբերությունը սպառվում է:

«Մոսկվայի որևէ լավ վերաբերմունք այդ իրադարձությունների նկատմամբ ի սկզբանե չէր կարելի ակնկալել: Պարզապես անսպասելի էր, փոքր-ինչ շփոթության մեջ են, և մեծ հաշվով լուրջ միջամտել էլ չեն կարող: Մոսկվան դեմ է նման իշխանափոխություններին, պարզապես այն, ինչ կատարվեց Հայաստանում, անսպասելի էր ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաև Ռուսաստանի իշխանությունների համար», - ասում է Ֆելգենգաուերը և հավելում․ - «Պետք է, սակայն, հասկանալ, որ Հայաստանը ոչ Ուկրաինան է, ոչ էլ Վրաստանը: Հայաստանյան ներքաղաքական կյանքին միջամտելու Մոսկվայի զինանոցն այնքան էլ մեծ չէ, և Մոսկվայի աջակցությունը Հանրապետական կուսակցությանը շատ բան ուժերի դասավորվածության մեջ Հայաստանում իրականում չի փոխում»։

Ամենաընդունելին այսօր Մոսկվայի համար, ըստ փորձագետի, այն է, որ կողմերը պայմանավորվեն: «Ամեն դեպքում, Մոսկվան մտավախություն ունի, որ Փաշինյանի իշխանության գալու դեպքում կկորցնի իր ազդեցությունը Հայաստանում: «Մենք կորցնում ենք Հայաստանը» մտավախությունը կա», - նշում է Ֆելգենգաուերը:

Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ Ռուսաստանը ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարգավորելու համար կարող է ղարաբաղյան նոր պատերազմ հրահրել, ռազմական հարցերով փորձագետը սա գրեթե բացառում է՝ նկատելով, որ սիրիական ճգնաժամի առկայության դեպքում Մոսկվային պետք չէ Ղարաբաղում իրավիճակի սրումը: Ֆելգենգաուերի կարծիքով՝ ակնհայտ չէ նաև, որ հենց այսօր նման պատերազմը պետք է Բաքվին:

Ռուսական իշխանամետ մամուլն ու հեռուստաընկերությունները, որոնք մինչև երեկ հայկական հեղափոխությունը առանձնացնում էին ուկրաինական և վրացական հեղափոխություններից ու շեշտում, որ այն յուրահատուկ հեղափոխություն է՝ առանց աշխարհաքաղաքական ենթատեքստի, այսօր փորձում են հեղափոխության հետևում տեսնել ամերիկյան աջակցություն: Մասնավորապես, երեկ Սոլովյովի ծրագրում հայտնի պրոպագանդիստ Սեմյոն Բաղդասարովն էր այդ մասին խոսում:

Ռուսական թերթերի մեծ մասը՝ այդ թվում նրանք, որ Կրեմլի վերահսկողության տակ են, փորձում են նաև հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչպես դա կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Շատերը, օրինակ՝ РБК-ն և «Նեզավիսիմայա գազետա»-ն, մեջբերում են Փաշինյանի խոսքերն այն մասին, որ կտրուկ շրջադարձ և կտրուկ քայլեր արտաքին քաղաքականության բնագավառում իր թիմը չի նախատեսում: «Նեզավիսիմայա գազետա»-ն, մասնավորապես, գրում է. - «Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դուրս չի գալու ոչ Եվրասիական տնտեսական միությունից, ոչ էլ ՀԱՊԿ-ից»:

Հավելենք նաև, որ հայկական «թավշյա հեղափոխությունը» դատապարտող ռուսաստանցի փորձագետների առաջին շարքում Կրեմլին հավատարիմ հայկական ազգանուններով փորձագետներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG