Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, ինչպես նաև որևէ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին. Փաշինյան


Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, երեկ հանրահավաքից հետո, ի պատասխան «Ազատության» հարցին, ասաց Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Ազատություն». - Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և, ըստ երկու կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրության, ընդգծվել է, որ վարչապետի ընտրությունը պետք է անցկացվի 2017-ի լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա։

Փաշինյան. - Ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է։

«Ազատություն». - Պարոն Փաշինյան, բայց այն, որ ռուսական կողմն այս վերջին երկու շաբաթների չեզոքությունը խախտում է, Ձեզ չի՞ ասում մի բան, որ, փաստորեն, աջակցություն է ըստ էության անուղղակի հայտնվում։

Փաշինյան. - Ես կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։

«Ազատություն». - Պարոն Փաշինյան, Դուք Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին չխոսեցիք հանրահավաքում, ինչի՞ շուրջ էին բանակցությունները։

Փաշինյան. - Ըստ էության ես խոսեցի ամեն ինչի մասին իմ ելույթում և ըստ էության ավելացնելու ոչինչ չունեմ։ Իհարկե մենք քննարկում ենք տարբեր ուժերի հետ տարբեր հարցեր և ստեղծված իրավիճակը, հնարավոր ելքերն այս իրավիճակից։

«Ազատություն». - Դուք իրենց քվե՞ն եք ակնկալում խորհրդարանում։

Փաշինյան. - Մենք արդեն ասել ենք, որ ակնկալում ենք, որ ժողովրդի հաղթանակի արդյունքները դե յուրե արձանագրվեն, և կարծում եմ՝ ով որ ուզում է ժողովրդի հաղթանակի արդյունքը արձանագրվի, պետք է կոնկրետ քայլ կատարի։

«Ազատություն». - Պարոն Փաշինյան, Դուք ասել էիք, որ ՀՀԿ-ականներից զանգեր եք ստացել, որ պատրաստ են Ձեր օգտին քվեարկել։ Կարո՞ղ եք գոնե գաղտնազերծել, թե գործարար շրջանակի՞ց են, Սերժ Սարգսյանի մտերիմնե՞րն են։

Նշենք, որ Փաշինյանը Կարապետյանին հրավիրել է այսօր ժամը 12։00-ին «Մարիոթ» հյուրանոց՝ բանակցությունների՝ լրագրողների ներկայությամբ։

«Ազատություն». - Շարմազանովն ակնարկել է, թե ինչպես էիք Ծառուկյանի հետ տետ-ա-տետ հանդիպում՝ առանց տեսախցիկների։

Փաշինյան. - Շատ պարզ պատճառով՝ պարոն Ծառուկյանը որովհետև բանակցության կողմ չէ։ Հանրապետականն այս քաղաքական ճգնաժամի կողմերից մեկն է, իսկ պարոն Ծառուկյանը քաղաքական ճգնաժամի կողմ չէ։

«Ազատություն». - Եթե այնուամենայնիվ պարոն Կարապետյանը չգա հանդիպման և որոշի առաջադրվել, սա ի՞նչ վիճակ է ստեղծելու Հայաստանում։

Փաշինյան. - Ամսի 29-ին կտեսնենք։

«Ազատություն». - Դուք պնդում եք այն մոտեցումը, որ եթե իրենք երկու անգամ տապալեն վարչապետի ընտրությունը և գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Դուք դրանց չեք մասնակցի՝ փորձելով տապալել դրանք։

Փաշինյան. - Այո, մեր գնահատականը, մեր դիրքորոշումը այս պահին այդպես է, որովհետև Հանրապետականը չի կարող օրինական ընտրություն կազմակերպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG