Մատչելիության հղումներ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Հանրապետական կուսակցությունը ամեն գնով փորձում է պահել իշխանությունը:

Ստեփան Գրիգորյան
Ստեփան Գրիգորյան

«Ազատության» հետ զրույցում Գրիգորյանն ասաց, թե, հաշվի առնելով երկրում ստեղծված լարված իրավիճակը, իշխող կուսակցությունը պետք է հասկանա, որ այս պահին հակապետական գործունեություն է ծավալում․ - «Երկիրը չի կարող լինել այսպիսի լարված վիճակում: Կարծես թե տրամաբանությունն այն էր, որ իրենք պետք է համաձայնեին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, որպեսզի սկսվեին փոփոխությունները երկրում: Բայց պարզվում է, որ ՀՀԿ-ն այնուամենայնիվ փորձում է իշխանությունը պահպանել, փորձում է մանևրել: Հիմա ինչի կհանգեցնի՝ կտեսնենք: Ես կարծում եմ, որ դա սխալ ճանապարհ է: Բացատրեմ ինչու: Իրենք պետք է գնան: Իրենք լրջագույն սխալներ արեցին, ցույց տվեցին, որ պատրաստ չեն ռեֆորմ անել, ցույց տվեցին, որ չեն կարող պայքարել կոռուպցիայի դեմ և այլն, և այլն, ու ճիշտ կլինի, որ հիմա գնան: Իրենք էլ՝ Հանրապետականը, պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը: Այն, ինչ անում են հիմա, դա հակապետական գործունեություն է»:

Միքայել Զոլյան
Միքայել Զոլյան

Քաղաքագետ Միքայել Զոլյանը ևս կարծում է, որ ստեղծած իրավիճակը վտանգավոր է․ հին իշխանությունը կազմաքանդվում է և ընդունակ չէ կառավարել երկիրը, իսկ հրապարակում ձևավորվում է նոր իշխանություն, որը չունի ֆորմալ լծակներ․ - «Միշտ իշխանությունն էր այդ փաստարկը բերում, բայց այսօրվա օրով, ինչքան իշխանությունը երկարաձգում է այդ իշխանափոխության պրոցեսը, այդքան Հայաստանը հայտնվում է անհասկանալի վիճակում: Եթե ինչ-որ բան տեղի ունենա սահմանում, ո՞վ պետք է հրաման տա ուժայիններին ինչ-որ քայլեր ձեռնարկել: Արդյո՞ք, օրինակ, ներկայիս վարչապետի պաշտոնակատարը կարող է այդ պատասխանատվությունը իր վրա վերցնել, և արդյո՞ք ուժայինները միանշանակ նրան կլսեն: Սերժ Սարգսյանի ժամանակ պարզ էր, որ Սերժ Սարգսյանը ամբողջ համակարգը վերահսկում է, բայց այսօր այդ իրավիճակը բոլորովին չկա, և կարծում եմ, ինչքան շուտ հանգուցալուծումը լինի, այդքան լավ: Ես իրականում, որպես Հայաստանի քաղաքացի, ինձ շատ ավելի հանգիստ կզգայի, եթե հենց այսօր, հենց հիմա խորհրդարանը հավաքվեր և ընտրեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանի անձը չի: Այն գործընթացը քաղաքական, որը Հայաստանում եղել է, դրա տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերցնի պատասխանատվությունը դրա համար: Եթե նա ի վերջո տապալելու է՝ դա ուրիշ հարց է, բայց նա պետք է լինի պատասխանատուն»:

Քաղաքագետները պնդում են, թե նոր ընտրությունները պետք է կազմակերպի նոր Կառավարությունը՝ ակնարկելով, որ ի վերջո այս բողոքի ակցիաները նաև շատ վատ, կեղծված ընտրությունների հետևանք են:

«Մեզ պետք են լուրջ փոփոխություններ, համակարգային: Որ գան այլ մտածելակերպով մարդիկ, ովքեր կառչած չեն, ասենք, փողի համար», - ասաց Ստեփան Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք այսօրվա ընդդիմության մեջ տեսնում է նման մարդկանց, Գրիգորյանը պատասխանեց․ - «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փայլուն են աշխատում․․․ Բայց գլխավոր նպատակը նա էր, որ նոր, նորմալ ընտրություններ կազմակերպել: Նոր պառլամենտ կմտնեին նոր ուժեր, ու նոր կսկսեինք ձևավորել այդ քաղաքական պատկերը, քաղաքական դաշտը: Գլխավոր նպատակն էր, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ ու կարողանա կազմակերպել նորմալ ընտրություն: Շանս, ակնհայտ է, որ կա․․․ Բայց այսօրվա պատկերը եթե նույնիսկ ռեֆորմացվի, ոչ մի բան չի փոխվի: Էությունը չէր փոխվի, օլիգարխատը կմնա»:

Հարցին, թե արդյոք իշխանությունը միտումնավոր չի ձգձգում ստեղծված վիճակը, որպեսզի թուլացնի շարժումը, Միքայել Զոյլանը պատասխանեց․ - «Այստեղ երկու բացատրություն կա: Մեկն այն է, որ նրանք հնարավորինս ձգձգում են, որպեսզի կարողանան իրենց նոր իրավիճակի համար համար դիրքեր ստեղծեն, որպեսզի արդեն որպես ընդդիմություն կարողանան ավելի հարմար դիրքերում լինել: Նաև կարծում եմ, որ նրանք դեռ հույս ունեն, որ կարելի է այս ընթացքը կոտրել, և այս շարժումը ի վերջո կարող է, այսպես ասած, վերանալ: Այդ իմաստով շատ բան կախված կլինի նրանից, թե ինչքան մարդ կլինի փողոցում: Եթե այսօր է՛լ ավելի շատ լինեն մարդիկ, և այդ միտումը շարունակվի, կարծում եմ, հանգուցալուծումը շատ շուտ կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG