Մատչելիության հղումներ

Օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, նշելով՝ «այդտեղ երկու կարծիք լինել չի կարող»։

Հարցին, թե ե՞րբ, ո՞ր փուլում պետք է, իր բնորոշմամբ, քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, երբ որ ստանձնի՞ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, Փաշինյանը պատասխանեց. - «Երբ որ այդ լիազորությունները հասանելի լինեն։ Ուղղակի ես պետք է խնդրեմ մի քանի օր ևս համբերատար լինեն, որպեսզի էդ հարցերը լուծվեն»։

Ճշտող հարցին, թե դա իր առաջի՞ն որոշումներից է լինելու, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Այո»։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Փաշինյանը նաև անուններ էր տվել՝ Շանթ Հարությունյան, Ժիրայր Սեֆիլյան, Գևորգ Սաֆարյան, Անդրիաս Ղուկասյան և ուրիշներ:

Նշենք, որ ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է առանց նախապայմանների բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:

Հարցին, թե ծանո՞թ է հանրապետականների այդ հայտարարությանը և ինչպե՞ս կմեկնաբանի այն, Փաշինյանը պատասխանեց. - «Հիմա չեմ մեկնաբանի ոչ մի բան, երեկոյան ամեն ինչի մասին հանրահավաքում ելույթ կունենամ»։

Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։

Հարցին, թե Ծառուկյանի հետ վարչապետի միասնական թեկնածուի հարց քննարկվե՞լ է, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Երեկոյան ամեն ինչի մասին կխոսենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG