Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ «Հայաստանի պատմության մեջ ունենք այլևս նոր էջ, մենք ապրում ենք Նոր Հայաստանում»


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

«Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երևույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված և քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է», - հայտարարում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Երեկ ամբողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի և հասարակական-քաղաքական գործիչների հետ՝ Արմեն Սարգսյանը այսօր առավոտյան գրառում է կատարել, որում, Հայաստանի նախագահի աշխատակազմի «Հանրապետության նախագահի ուղերձը» վերնագրված հաղորդագրության համաձայն, նաև ասված է․

«Հայաստանի պատմության մեջ ունենք այլևս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի և աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր և իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին:

Հայաստան, որը լինելու է իմ և քո երազանքների Հայաստանը:

Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի:

Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ:

Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, և մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով:

Ես համոզված եմ, որ հազարամյակների ընթացքում կուտակված ազգային խոհեմությունը թույլ չի տա բաց թողնել այս պատմական պահը:

Հպարտ եմ, որ տեսնում եմ այօրվա Հայաստանը, և ուրախ, որ ապրելու եմ վաղվա հզոր, միասնական, արդար և ծաղկող Հայաստանում:

Բարի լո՛ւյս, Հայաստան: Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG