Մատչելիության հղումներ

«Սթափվեք, տղե´րք»․ Ոստիկանության պետը ուղերձ է հղել


ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Ուղերձով է հանդես եկել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ անթույլատրելի համարելով՝ ոստիկանությանը «այս կամ այն կողմը քաշելու փորձերը»:

«Հիշե´ք. ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ բանակ ու ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տվել:
Մեր համատեղ կառուցածը պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս: Հիշե´ք. պետությունը կառուցվում է տասնամյակներով ու հազարավոր կյանքերի գնով և կարող է փլուզվել հաշված ժամերի ընթացքում: Դա անթույլատրելի է: Այսպահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը»,- ասված է Գասպարյանի ուղերձում, որը հրապարակվել է ոստիկանության պաշտոնական կայքէջում:

Ոստիկանապետը նաև կոչ է արել զերծ մնալ բանակը տրոհելու փորձերից․ - «Երկատված բանակը միասնական պետության պահապան լինել չի կարող»:

Ըստ Վլադիմիր Գասպարյանի՝ «բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը»․- «Ուստի դիմում եմ բոլորին: Սթափվե՛ք, տղե´րք: Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին»:

«Կրկին դիմում եմ բոլոր համաքաղաքացիներիս: Ժողովո´ւրդ, համոզված եմ, որ բոլորիս հաղթանակը կլինի այս ամենի ավարտումը խաղաղությամբ ու բարությամբ, հակառակ դեպքում կպարտվենք բոլորս»,- նաև ասված է Գասպարյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG