Մատչելիության հղումներ

Այն, ինչ տեղի ունեցավ երկուշաբթի Երևանում, ժողովրդական կամքի իրական արտահայտություն էր. ամերիկացի փորձագետ


Հայաստանցիները տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, 23-ը ապրիլի, 2018թ.
Հայաստանցիները տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, 23-ը ապրիլի, 2018թ.

«Հայաստանի ժողովրդավարական հաղթանակը»՝ Վաշինգտոնում լույս տեսնող The Atlantic հանդեսում տպագրված իր հոդվածն այսպես է վերնագրել ամերիկյան Քարնեգի հիմնադրամի առաջատար փորձագետներից մեկը` Փոլ Սթրոնսկին:

«Ամեն անգամ, երբ փողոցային բողոքի ակցիաների արդյունքում նախկին խորհրդային հանրապետություններից մեկում առաջնորդ է փոխվում, Վլադիմիր Պուտինը սկսում է ենթադրել, որ դրանում Արևմուտքի մատն է խառը: Բայց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի` երկուշաբթի օրը տեղի ունեցած ցնցող հրաժարականից հետո, որին նախորդեցին 11 օր տևած բողոքի ակցիաները, նման հետևության հանգելը մեծ սխալ կլիներ», - նշում է ամերիկացի վերլուծաբանը:

Սթրոնսկիի համոզմամբ, այն, ինչ տեղի ունեցավ երկուշաբթի Երևանում, ժողովրդական կամքի իրական արտահայտություն էր:

«Սարգսյանը կորցրել էր իրականության զգացումը, Հայաստանի քաղաքացիները հոգնել էին նրա տրված և այդպես էլ չկատարված խոստումներից ու համատարած կոռուպցիայից», - գրում է The Atlantic հանդեսի հոդվածագիրը:

Սթրոնսկին, սակայն, նկատում է, որ Սերժ Սարգսյանի պահվածքը զգալիորեն տարբերվեց հետխորհրդային տարածքի իր մյուս գործընկերների պահելաձևից:

«Նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարներից միայն մի քանիսն են, որ խաղաղ ճանապարհով են լքել իրենց պաշտոնը: Այդ իսկ պատճառով Սարգսյանի որոշումը գովելի էր», - գրում է ամերիկացի փորձագետը, նկատելով, որ այս առումով Սարգսյանը զգալիորեն տարբերվեց իր նախորդից` Ռոբերտ Քոչարյանից:

«Սարգսյանը հետևեց Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի օրինակին: Նա ևս գերադասեց հրաժարական տալ, այլ ոչ թե ուժ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ», - գրում է Փոլ Սթրոնսկին:

«Հայաստանը ցույց տվեց աշխարհին, որ ժողովրդի իշխանությունը շարունակում է արժեքավոր գաղափար հանդիսանալ: Այդ երկիրը դեռ պետք է առերեսվի ծանր վիճակում գտնվող տնտեսությանը, համատարած կոռուպցիային, հարևանների հետ խնդիրներին», - նշում է փորձագետը` կարծիք հայտնելով, որ հայաստանցիներն ու միջազգային հանրությունը լուրջ ջանքեր պետք է գործադրեն «ժողովրդավարության այս փայլուն պահը պահպանելու համար»:

«Իրադրությունն այժմ բավականին հեղհեղուկ է: Երբ այժմ նկատվող էյֆորիան մի քիչ հանդարտվի, Հայաստանը պետք է լուրջ ջանքեր գործադրի այս հուսադրող ուղով ընթացքը շարունակելու համար», - The Atlantic հանդեսում գրում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG