Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած ԲՀԿ-ականները ևս միացել են Փաշինյանի ղեկավարած շարժմանը


«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը կողմ էր քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Երևան, 25-ը ապրիլի, 2018 թ․

«Իշխանությունը պետք է հեռանա»,- հայտարարում է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Արձագանքելով վարչապետի պաշտոնակատար, հանրապետական Կարեն Կարատետյանի տեսակետին, թե հանգուցալուծման ուղիներ պետք է փնտրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համատեղ քննարկումների արդյունքում, Զոհրաբյանն ասաց՝ ցանկացած քննարկում-բանակցություն կարող է լինել միայն մեկ՝ իշխանությունն անցնցում հանձնելու հարցի շուրջ, այլ օրակարգ լինել չի կարող։

«Ազատության» հարցին՝ «եթե հրապարակը որոշի՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, դուք կպաշտպանե՞ք այդ առաջարկը, թե՞ ունենալու եք սեփական թեկնասծուն», Զոհրաբյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք միասնական թեկնածու ունենալու հարցը: Փաշինյանի թեկնածությունն ինձ համար անձնապես ընդունելի է, և ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն: Բայս ես կրկնում եմ՝ դա քննարկման խնդիր է»:

Զոհրաբյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց լուրը, թե համաժողովրդական շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպում է կայացել: Ասաց՝ ԲՀԿ-ն և «Քաղաքացիական պայմանագիրը» քննարկումներ անցկացնում են, թե ինչ օրակարգով, Զոհրաբյանը չբացահայտեց։

Փաշինյանը երեկ ասել էր՝ պատրաստ են քննարկումների բոլոր այն ուժերի հետ, որոնք կարող են աջակցել իշխանության խաղաղ, անցնցում փոխանցմանը: Հարցն, ի դեպ, նաև համաժողովրդական շարժմանը միանալու մասին հայտարարած ԲՀԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներին էր վերաբերում։ «Մենք գրեթե բոլորի հետ քննարկում ենք դա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ «ժողովրդի հաղթանակը պետք է տրամաբանական ավարտ ունենա՝ ժողովրդի թեկնածուն պետք է դառնա Հայաստանի վարչապետ»:

Հիշեցմանը, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» խմբակցությունում միայն անդամների մեկ երրորդը դեմ քվեարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Այո, մեր քաղաքացիները, իմ գործընկեր լրագրողներն իրավունք ունեն ինձ տալու այդ հարցը: Ես և իմ բազմաթիվ գործընկերներ՝ Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան, Շաքե Իսայան, Լուիզա Սիմոնյան, Գևորգ Պետրոսյան, Հակոբ Նազարյան, Նոնա Առուստամյան, քվեարկել ենք դեմ՝ Սերժ Սարգսյանի թեկնածությանը, և ես մնում եմ այն կարծիքին, որ իմ գործընկերները չպետք է կողմ քվեարկեին:

Ես իրավունք չունեմ՝ որևէ մեկին մեղադրել, քանի որ կայացվել էր ազատ քվեարկելու որոշում: Յուրաքանչյուրն ազատ է եղել իր խղճի առաջ, բայց իմ խիղճը, իմ արժանապատվությունն ինձ թելադրել է՝ քվեարկել դեմ, և ես քվեարկել եմ դեմ»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ վարչապետի թեկնածուի առաջադրման հարցով քննարկում չեն անցկացրել։

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանն» ու Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ հայտարարեցին «համաժողովրդական շարժմանը միանալու» մասին: Այսօր արդեն կուսակցությունը հանդես եկավ «փողոց դուրս գալու, ժողովրդի կողքին» լինելու կոչով։

ԱԺ-ի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առավոտյան միացել էին Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթին: Նրանց շարքերում էին նաև այն պատգամավորները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ կողմ էին արտահայտվել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այսօր արդեն նրանք հայտարարում էին, թե համաժողովրդական շարժման կողմնակից են:

Սարգսյանի օգտին քվեարկած Վարդան Բոստանջյանն ասաց․ «Այն ժամանակ որ կողմ եմ քվեարկել, միգուցե համարեք, որ սխալ եմ արել, բայց ես հիմա ոչ թե ուզում եմ իբր արդարանալ, այլ ուզում եմ ասել՝ կողմ քվեարկելով՝ ֆիզիկական անձի համար կողմ չեմ եղել: [Քվեարկել եմ] մեր երկրի անվտանգության համար: Էս պահին էլ, որ գտնվում ենք շարժման մեջ, խոշոր առումով մի բան եմ փափագում՝ որպեսզի որևէ մեկին որևէ բան չպատահի»:

Սերժ Սարգսյանի օգտին 31 հոգանոց «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավոր էր քվեարկել: Նրանց թվում էր Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը: Այսօր նա ասում էր, թե փոշմանել է իր որոշման համար: «Ես էս ընթացքում էլ, մինչև իրա [Սարգսյանի] հրաժարականը, եղել եմ հրապարակում: Եթե ժողովրդի մեծամասնության կամքը դա էր, որ Սարգսյանը հրաժարական տար, ուրեմն էդպես ճիշտ էր: Միգուցե ես փոշմանել եմ, այո»,- «Ազատությանն» ասաց Դավիթ Մանուկյանը:

«Ազատության» հետ զրույցում միայն «Ծառուկյան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը սխալ չհամարեց իր՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելը: «Միշտ ժողովրդի կողքին եմ եղել, հետո՝ երկրորդ թեկնածու չի եղել, երրորդն էլ՝ Սերժ Սարգսյանից լավ Ղարաբաղի հարցին տիրապետող չկա»,- ասաց Մադաթյանը:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ հրաժարական է տվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանը: Նա հայտարարել է, թե որպես ԲՀԿ-ի համակիր, պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս է գալիս փողոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG