Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը, Բրյուսելը և Մոսկվան շարունակում են ուշադրությամբ հետևել հայաստանյան զարգացումներին


Երևան, 25-ը ապրիլի, 2018 թ․

Առաջիկա օրերը պատմական են Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված ղեկավարների համար, քանի որ նրանք նոր կառավարություն ձևավորելու գործընթաց են սկսում: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը հայաստանյան իրադարձությունների մասնակից բոլոր կողմերին հորդորում է «ցուցաբերել կառուցողական ներգրավվածություն, Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակում իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու համար՝ մնալով հավատարիմ օրենքի գերիշխանությանը»:

«Ակնկալում ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»,- նաև ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: Հիթեր Նաուերթը շեշտել է՝ Վաշինգտոնը, որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, ողջունում է «հայ ժողովրդի ներգրավվածությունը երկխոսությունում, ինչն ուղղված է ժողովրդավարական և խաղաղ միջոցներով ժողովրդի ինքնիշխան ապագան կերտելուն»:

Հայաստանյան իրադարձությունների առնչությամբ՝ հայտարարությամբ է հանդես եկել նաև պաշտոնական Բրյուսելը, արձանագրելով, որ ի գիտություն են ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Մենք մեծապես ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որի ականատեսը եղանք: Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ»,- ասված է Եվրամիության հայտարարությունում:

«Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրերին Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ՝ ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ ու դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման նպատակով»,- նաև նշված է նախօրեին ԵՄ-ի տարածած հայտարարությունում:

Կրեմլը ևս շարունակում է հետևել հայաստանյան իրադարձություններին, պարբերաբար հանդես գալով հայտարարություններով: Կրկնելով նախկինում հայտնած իր դիրքորոշումը, թե Հայաստանում առկա իրադրությունն այդ երկրի ներքին գործն է, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է․ «Ռուսաստանը հույս ունի, որ մոտ ժամանակներս այնտեղ իրավիճակը կկարգավորվի կոնսենսուսային որոշման հիման վրա»:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Պեսոկովն ընդգծել է, որ Կրեմլի դիրքորոշումը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ չի փոխվել: «Մենք, ինչպես նախկինում, կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, և հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել այդ իրավիճակը՝ առաջիկայում կոնսենսուսի հանգելով»,- ասել է Կրեմլի խոսնակը, հավելելով, որ Ռուսաստանը շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել զարգացումներին:

Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի դաշնակից Բելառուսից էլ այսօր հայտարարում են, թե աջակցում են հայ ժողովրդին և պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Բելառուսի վարչապետի այս հայտարարությունը, հիշեցնենք, հաջորդում է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ կառավարությանն ուղղած հորդորին՝ զանգահարել Հայաստան և հետաքրքրվել, թե ինչով կարող են օգտակար լինել:

Բելառուսի կառավարության ղեկավար Անդրեյ Կոբյակովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ և վերահաստատել Մինսկի պատրաստակամությունը՝ Երևանին անհրաժեշտ օգնություն տրամադրելու հարցում: Այս մասին հաղորդում են բելառուսական պաշտոնական աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG