Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր օգնական Նվեր Հովհաննիսյանի դանակահարությունն ու մահը կապում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող խաղաղ ցուցարարների հետ, այլ համարում է հանրապետական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և նրա թիմի երեկվա սադրանքների հետևանք։
«Մոտիկացա, հանդիպեցի պարոն Հակոբ Հակոբյանին՝ նախկին պատգամավոր, այստեղ էր և սադրում էր, արդեն կոչեր էր անում: Փորձեցի հետ պահել էդ ամեն ինչից», - պատմում է քաղաքապետը:
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Նա ստացել է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք։ Դեպքից ժամեր անց մահացել էր էջմիածնի բժշկական կենտրոնում՝ վիրահատության ժամանակ:
Էջմիածնի քաղաքապետը պատմում է, որ երեկ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո համաքաղաքացիները քաղաքի կենտրոնում տոնախմբություն էին կազմակերպել։ Ինքն էլ, որպես համայնքի ղեկավար, ներկա էր միջոցառմանը։ Միջոցառումն, ասում է՝ խաղաղ էր մինչև Հակոբ Հակոբյանի և նրա թիմի՝ 2 տասնյակից ավելի մարդկանց գալը։
Քաղաքապետը շեշտում է՝ Հակոբ Հակոբյանն ու նրա թիմը սադրում էին՝ անգամ փորձել են քաղաքապետարանի դիմաց տեղադրված երկաթյա արգելապատնեշները տեղադրել։
«Հակոբ Հակոբյանի հետ զրույցի փորձերը իրավիճակը չեն հանդարտեցրել», - հիշում է Կարեն Գրիգորյանը։ Պնդում է՝ նրանք ալկոհոլի ազդեցության տակ էին: Էջմիածնի քաղաքապետը պնդում է՝ դեպքի պահին օգնականն իր կողքին չէր և հետևաբար չի կարող պնդել, թե ով կամ ովքեր և ինչպես նրան դանակահարեցին։
«Ես հանգստացնելով եկա այս կողմ, և ինձ մոտեցան տարեց կանայք, ասացին, որ Ձեր տղաներից մեկին ծեծեցին, խփեցին, տարել են հիվանդանոց», - պատմում է նա:
Կարեն Գրիգորյանը պնդեց, թե Հակոբ Հակոբյանի թիմի կողմից նախկինում էլ սադրանքներ եղել են։ Հիշեցնեմ՝ Հակոբ Հակոբյանը դեռ 2008-ին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում նրա մրցակիցն էր։
Քաղաքապետի հայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ դանակահարողները Հակոբ Հակոբյանի մարդիկ են։
«Մանրամասն չգիտեմ, բայց գիտեմ, որ մի խումբ ոչ թե շարժման ժողովուրդն է եղել, այլ մի խումբ Ճոյտի [ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյան] պես ճոյտականներ, հարբած գնացել են քաղաքապետարանի շլագբաումի մոտ, տղան թույլ չի տվել, դանակով մի քանի տեղ՝ մեկը սիրտն են կոխել, երեկ գնացել եմ հիվանդանոց, մեկ էլ թոքը։ Ապրիլյան պատերազմի հերոս, մինի վրա պայթած... շատ ցավալի է», - ասաց Գրիգորյանը։
«Ազատության» հետ զրույցում նախկին հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց՝ ինքը որևէ առնչություն չունի երեկ տեղի ունեցած մահվան հետ։ Տեղի ունեցած դանակահարության մասին Հակոբյանն ավելի ուշ է իմացել․ - «Ընդհանրապես դանակահարողին չեմ ճանաչում, դանակահարվողին չեմ ճանաչում, մոտակայքում չեմ եղել, չեմ տեսել: Մոտակայքում կային 3-400 մարդ, թող նրանցից որևիցե մեկը կասի, որ ես այնտեղ եմ եղել»:
Պատմեց, որ ինքն ու 70-ամյա ընկերը երեկ Էջմիածնի հրապարակում միացել են տոնախմբությանը և անսալով համաքաղաքացիների խնդրանքին՝ որոշել բացել գեներալի ու նրա որդու կողմից փակված հրապարակը։
«Տեսա որ շլամբավոները փակել են, ասի՝ ժողովուրդ, քանի որ մեր քաղաքնա, եկեք շլամբավոները բացենք մեր ձեռքով», - պատմեց Հակոբյանը, պնդելով, որ միայն այս հարցի շուրջ են զրուցել քաղաքապետի հետ:
Ի դեպ, Ծիծեռնակաբերդում գեներալ Մանվել Գրիգորյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ շեշտել էր՝ երեկ տեղի ունեցածը ժողովրդի կամքն էր։
Երբ Ծիծեռնակաբերդում «Ազատությունը» փորձում էր Մանվել Գրիգորյանին հարց տալ՝ նրան ներկայացնելով որպես Սերժ Սարգսյանի թիմի անդամ, Գրիգորյանը հակադարձել է և ասել՝ ինքը հանրապետականի անդամ չէ:
Հիշեցնենք՝ ընդամենը երկու ամիս առաջ գեներալ Մանվել Գրիգորյանն «Ազատության» հարցին, թե ում կառաջադրի ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում՝ ասել էր՝ «Խի [ՀՀԿ] ուրիշ մարդու պիտի առաջադրի՞»։