Մատչելիության հղումներ

Դավիթ Սանասարյան․ Այս օրերին ավելի շատ գործ ունենք, քան արել ենք նախկինում


Դավիթ Սանասարյան

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ Լևոն Բարսեղյանը, Արմեն Գրիգորյանն ու Դավիթ Սանասարյանը երեկ երեկոյան ստորագրությամբ ազատ են արձակվել, սակայն դեռ մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։

Այս հոդվածներով առավելագույն պատիժը 4-10 տարվա ազատազրկումն է։

Դավիթ Սանասարյանն ասաց, որ ստորագրությամբ ազատ արձակվելու որոշումը չի ստորագրել․ - «Դա ապօրինի էր, կարված գործ էր: Ես այնտեղ նշել եմ, որ Սերժ Սարգսյանի նկարի բարձր հովանու ներքո իրենց իմ վրա ինչպես որ գործ հարուցեցին, այնպես էլ ինձ ազատ թողեցին»:

Սա, ի դեպ, Դավիթ Սանասարյանի նկատմամբ զանգվածային անկարգությունների հոդվածով երկրորդ մեղադրանքն է․ առաջինը՝ 2016-ին Սարի թաղի դեպքերի հետ կապված, դեռ պահպանվում է․ - «Կոնկրետ այդ քրեական գործերի մասին չեմ մտածում: Միակ բանը, որ մտածում եմ, թե ինչպես ենք ստեղծելու իրավական պետությունը: Ու էս օրերին մենք ավելի շատ գործ ունենք, քան արել ենք նախկինում»:

Էրեբունու ձերբակալվածների պահման վայրում Սանասարյանը նաև Սերժ Սարգսյանին ուղղված կոչ է գրել՝ «Զենքդ վայր դիր» վերնագրով, սակայն չի հասցրել հրապարակել:

Արմեն Գրիգորյանը, ում ձերբակալել էին ապրիլի 21-ին, ասաց, որ լավ կլիներ, եթե դրսում հեղափոխությունը զգար, սակայն հետաքրքիր էր նաև իրադարձություններին հետևել Հատուկ քննչական ծառայության ներսից․ - «Առավոտը, բնականաբար, ես հանցագործ էի իրենց համար, կեսօրից՝ կիսահանցագործ-կիսացուցարար, վերջում արդեն լրիվ այլ էր վերաբերմունքը: Շատ դրական վերաբերմունք էր վերջում: Գրեթե շնորհակալությունով ինձ ստորագրությունով բաց են թողել: Ամենաունիկալը այն էր, որ վերջում ոստիկաններից մեկը ինձ հարցրեց՝ աշխատավարձերը բարձրանալո՞ւ ա»:

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

Մեղարդրանքը Արմեն Գրիգորյանը շինծու է համարում․ - «Տեղում քննիչը երկու անգամ մեղադրանք է փոխել, որովհետև այնքան արագ էին կարում այդ գործերը, որ շատ սխալներ էին թույլ տալիս: Ի դեպ, մի երկու մեղադրանք, որ ներկայացրել ենք ինձ, ես իրականում այդ տեղում չեմ գտնվել»:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը երեքից միակն է, ում նկատմամբ երեկ նաև կալանք էր կիրառվել: Դատարանի կողմից կալանքի որոշումը կայացնելու հետո Բարսեղյանին տարել են «Նուբարաշեն», որտեղ նրան պահել են Սարի թաղի դեպքերով մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի հետ նույն խցում։

Բարսեղյանը պատմում է․ - «Ասի՝ ցանկացած խուց ինձ հարմար կլինի, ամենավատը թեկուզ: Տարեք, ես ուզում եմ տեսնել, ես զբոսաշրջային այց եմ կատարում իմ կամքից անկախ: Քննարկեցին և որոշեցին, որ Անդրաս Ղուկասյանի խցում կարելի է տեղավորել: Ես առարկություն չունեի, Անդրիասը նույնպես չունեցավ: Հինգ ժամի չափ զրուցել ենք, հաց կերանք, շաշկի խաղացինք: Որովհետև անհարմար է բանտում լինել ու շաշկի չխաղալ: Մի հատ ես տարվեցի, մի հատն էլ կիսատ մնաց․ եկան, ասացին՝ արդեն եկել են փաստաթղթերը, պիտի ազատ արձակենք Ձեզ»:

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

Բարսեղյանը ևս քերական գործը շինծու է համարում, բազմաթիվ անհապատասխանությունները մատնացույց անում: Ասում է, սակայն, որ եթե երեկվա իրադարձությունները չլինեին, Հայաստանում հնարավոր է ավելանար քաղբանտարկյալների թիվը․ - «Եթե երեկ հանրությունը, ժողովուրդը այդ հաղթանակը չգրանցեր, ես վստահ եմ, որ առաջիկա օրերին Հայաստանը ունենալու էր մոտավորապես 20 քաղաքական բանտարկյալ, որոնք դատվելու էին 5-10 տարվա ժամկետներով, և մոտավորապես մի 400-500 հոգի քաղբանտարկյալ՝ մինչև 5 տարվա ժամկետներում: Նույնիսկ կատակով ասում էինք՝ եթե հեղափոխությունը լավ ես կազմակերպում, քիչ ես նստում, եթե վատ ես կազմակերպում, շատ ես նստում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG