Մատչելիության հղումներ

Տորոնտոյում 10 մարդու մահվան հանգեցրած վրաերթ կատարողի՝ Ալեք Մինասյանի արարքի շարժառիթները պարզ չեն


Մինասյանի վարձակալած ավտոմեքենան՝ վրաերթերից հետո, 23-ը ապրիլի, 2018 թ․
Մինասյանի վարձակալած ավտոմեքենան՝ վրաերթերից հետո, 23-ը ապրիլի, 2018 թ․

Կանադայի Տորոնտո քաղաքում առնվազան 10 մարդ զոհվել, ևս 15-ը վիրավորվել է մայթ դուրս եկած ավտոմեքենայի հասցրած հարվածների հետևանքով: Վարորդը ձերբակալված է: Ոստիկանությունը հայտնել է, որ նա 25-ամյա Ալեք Մինասյանն է, Տորոնտոյի հյուսային արվարձան Ռիչմոդ Հիլից: Լրատվամիջոցներն արդեն հրապարկել են սոցցանցերից վերցված նրա լուսանկարը:

Ոստիկանությունն այս միջադեպն ահաբեկչություն չի համարում, նշելով, որ նման ենթադրության համար հիմքեր չկան: Ալեք Մինասյանը ոստիկանության հետ երբևէ առնչություն չի ունեցել, նրա անունը նախկինում ոչ մի գործում չի արձանագրվել: Սակայն ոստիկանությունը համարում է, որ Մինասյանն այդ գործողությունը կատարել է դիտավորությամբ, թեև շարժառիթները պարզ չեն:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դեպքի առնչությամբ հայտարարել է․ «Այս ողբերգական և անիմաստ հարձակումն ինձ մեծ վիշտ է պատճառել»: CBC News-ի տեսանյութում երևում է, որ մեքենան կանգնեցնելուց հետո Մինասյանը ոստիկաններին ասոմ է՝ «սպանեք ինձ»: Նա պնդում է նաև, թե զինված է, ինչ-որ առարկա է պարզում ոստիկանների ուղղությամբ, սակայն հատուկ ջոկատայինները ստիպում են, որ Մինասյանը հանձնվի, ապա ձերբակալում են նրան: Ոստիկանությունը շատ օպերատիվ է գործել՝ առաջին ահազանգը ստանալուց 26 րոպե անց Մինասյանն արդեն ձերբակալված է եղել:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի ցերեկը՝ ժամը 13:30-ի սահմաններում: Իր վարձակալած սպիտակ, փոքրածավալ բեռներ տեղափոխելու համար նախատեսված մեծ ավտոմեքենան Ալեք Մինասյանը շուրջ 2 կիլոմետր վարել է մայթով, հարվածելով իր առջև հայտնված բոլոր մարդկանց ու առարկաներին՝ փոստարկղներին, ցուցանակներին և այլն: Ականատեսներն ասել են, որ դա ճանապարհային պատահարի նման չէր, որովհետև նա կանգ չի առել՝ անընդհատ շարունակելով մեքենայի ընթացքը:

Տորոնտոյի ոստիկանապետ Մարկ Սանդերսն ասել է, որ այդ գործողությունը նման է դիտավորության: Կանադայի հանրային անվտանգության նախարար Ռալֆ Գուդեյլն էլ հայտարարել է, թե այս պահին առկա ողջ տեղեկատվությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ գործողությունն ազգային անվտանգության համար սպառնալիք չէ:

Ալեք Մինասյանի նախկին դասընկերները ԶԼՄ-ներին պատմել են, որ Տորոնտոյի հյուսիսում Մինասյանը հատուկ դպրոց է հաճախել, նախատեսված՝ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար: Դասընկերներն ասել են նաև, որ նա իրեն մեկուսի է պահել, միշտ քայլել է գլխահակ, սեղմված մատներով, բայց ագրեսիվություն չի ցուցաբերել:

Ողբերգական այս միջադեպը ժամանակային առումով համընկել է Տորոնտոյում տեղի ընթացող՝ աշխարհի տնտեսապես զարգացած յոթ երկրների (G-7) արտաքին գործերի նախարարների հանդիպման հետ: «Մեծ յոթնյակի» նախարարների օրակարգում, սակայն, որևէ փոփոխություն չի կատարվել՝ այսօր նրանք շարունակելու են հանդիպումը:

Տորոնտոյի ողբերգական միջադեպին արձագանքել է նաև Միացյալ Նահանգները: Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Կանադայի ժողովրդի կողքին և պատրաստ է տրամադրել ցանկացած օգնություն :

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG