Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետ․ Ուտողների բկներից դուրս եկավ էդ 10 հազարները


«Եթե հետևեք վերջին 10-12 օրերին Դաշնակցության կոչերին, ապա դրանք միշտ նույնն են եղել՝ խելամտության, և ամեն դեպքում կանխել որևէ հնարավոր բռնություն և սադրանք, ում կողմից էլ որ դրանք լինեն», - այսօր դեպի Ջարդի ձոր երթի ժամանակ լրագրողներին ասաց Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին, Խաչատրյանի խոսքով, այդ տարբերակը պետք է «դիտել, նայել, քննարկել, որևէ տարբերակ չի կարելի բացառել, պետք է փորձել հասկանալ ինչն ինչոց է»:

Նա չպատասխանեց հարցին, թե, որպես ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցության անդամ, ինչպես է տեսնում իր պաշտոնավարումը այն դեպքում, եթե վարչապետը լինի ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուն՝ ասելով, որ դա իր լիազորություններից վեր է: Ապա հավելեց՝ լինի արթահերթ թե հերթական ընտրություն, մարդիկ պիտի ձեռնպահ մնան 10 հազար դրամ ընտրակաշառք վերցնելուց․ - «Էն, ինչ որ տեղի ունեցավ էս վերջին 10-12 օրվա ընթացքում, դա այդ 10 հազար դրամների հետևանքն է բկներիցս դուրս գալիս: Այսինքն, ուտողների բկներից դուրս եկավ էդ 10 հազարները»:

Գյումրիի քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանը, ով քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ի քվոտայով, հարցին, թե ինչպես է տեսնում իր հետագա պաշտոնավարումը իշխանափոխությունից հետո, ասաց․ - «Ես պատկերացնում եմ այսպես․ դուք հիշում եք՝ ես ասի, որ մեր կառույցը ապաքաղաքականացված է, բացի ավագանուց, որը քաղաքական մարմին է: Եվ էսօր իմ աշխատակիցները․․․ չկա կուսակցություն․ որ սա էս կուսակցությունից է, մյուս կուսակցությունից է: Իմ խնդիրը, որպես քաղաքապետի, քաղաքը կառուցել, վերականգնելն է: Որպես քաղաքապետ անում եմ իմ աշխատանքը»:

Սամվել Բալասանյան
Սամվել Բալասանյան

«Շատ բարձր եմ գնահատում Սերժ Սարգսյանի քայլը», - շարունակեց Բալասանյանը: - «Եթե այլ քայլի գնային, կլիներ արյունահեղություն։ Մենք Մարտի 1 ենք տեսել և սգացել ենք։ Շատ բարձր եմ գնահատում և շատ ճիշտ արեց, որովհետև համազգային շարժում է, այդտեղ որևէ խնդիր չի կարող լինել, այսինքն՝ ազգը կանգնել է, ասում է՝ չենք ուզում։ Եվ վերջնական կարողացավ իր մեջ ուժ գտնել, կարողացավ հաղթահարել այդ բարիերը․․․Այնպես որ, աշխատենք, արարենք, թող նստեն երկխոսության, ճիշտ ճանապարհ գտնեն, հանկարծ այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ քաոս ստացվի։ Ստացվի այն, ինչ որ անհրաժեշտ է: Մեր երիտասարդներն ազնիվ են, համախմբված։ Գիտեք ինչ, ասում են թավշյա հեղափոխություն է․ սա ազնվության, սիրո, համախմբման հեղափոխություն է, ամեն ինչ կարելի է որակել։ Ճիշտն ասած, ես պարծենում եմ հայ ազգով, իմ տրամադրությունը շատ լավ է: Համազգային շարժումը չի կարող որևէ մեկի սրտով չլինել: Եթե ազգը ուզում է, ուրեմն բոլորիս սրտով է: Իմ համար զարթոնք է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG