Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում:
Ըստ հաղորդագրության, դեպքի վայրում պարզվել է, որ բազմաբնակարան բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա, և շենքի մուտքերը ծխալցվում են:
Նախարարությունը նշում է, որ բարձրացած ծուխը և շենքին մոտեցման ուղիների բացակայությունը խոչընդոտել են փրկարարների աշխատանքը, իսկ վթարային ելքերի բացակայության պատճառով բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ և ավտոսանդուղքներ:
«Իրականացված նախնական ուսումնասիրությունից պարզվել է, որ ավտոկայանատեղում ծագած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով ծխահարվել է ավտոկայանատեղը, և ծուխը երկու աստիճանավանդակներով տարածվել է բնակելի հարկեր և ներթափանցել բնակարաններ», - ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը նշում է, որ շենքը կառուցապատվել և շահագործման է հանձնվել 2008 - 2010 թվականներին:
«Ավտոկայանատեղում հայտնաբերվել են շինարարական նորմերի հակահրդեհային պահանջների մի շարք խախտումներ. մոնտաժված չէ ավտոմատ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, մոնտաժված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգ, մոնտաժված չէ ծխահեռացման ինքնաշխատ համակարգ, գոյություն ունեցող ներքին հրդեհաշիջման նպատակների համար մոնտաժված ջրագիծը կահավորված չէ համապատասխան հրշեջ գույքով՝ փողակով և փողրակով,ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքների մոտեցման և փրկարարական աշխատանքների իրականացման համար շենքի արտաքին պատերից 8 մետր հեռավորության վրա նախատեսված չէ կոշտ ծածկույթով 3,5 մետր լայնությամբ ճանապարհ: Դեպքի առնչությամբ նշանակվել է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն», - ասված է հաղորդագրությունում:
ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաև պարզել, թե ով է եղել շինարարական նորմերի խախտումներով շենքին դրական եզրակացություն հատկացրած պաշտոնյան:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը փաստում է, որ հրդեհային անվտանգության կանոնների նմանատիպ խախտումներ առկա են բնակելի շենքերի զգալի մասում և կոչ է անում բնակիչներին հետևողական լինել իրենց շենքերում հրդեհային անվտանգության նորմերի պահպանմանը», - ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունն այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ չնայած մոտեցման ուղիների բարդությանը, հրշեջ-փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակիչ, որից 10-ը եղել են երեխաներ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը 15 բնակչի և 10 հրշեջ-փրկարարի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը 8 բնակչի ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: