Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյան. «Ես հիացա՛ծ եմ»


System of a Down-ի մեներգիչ ու երգահան Սերժ Թանկյանը;
System of a Down-ի մեներգիչ ու երգահան Սերժ Թանկյանը;

Երևանում երեկվա աննախադեպ զարգացումներին, որոնք ավարտվել են երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով, մեծ ոգևորությամբ արձագանքել է արդիական ռոք-աշխարհի լավագույն խմբերից մեկի՝ System of a Down-ի մեներգիչ ու երգահան Սերժ Թանկյանը:

Հիշեցնենք, որ «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն օրերս համոզում էր Թանկյանին ժամանել Հայաստան և միանալ բողոքի ակցիաներին, ինչին ի պատասխան երաժիշտը փոխանցել է, որ զանազան հանգամանքների բերումով առայժմ չի կարող հասնել Հայաստան, սակայն միանշանակ և անվերապահորեն իր աջակցությունն է հայտնում շարժմանը:

Ավելի ուշ Թանկյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է հրաժարական ներկայացնի, այլև ազատի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Թանկյանը պատասխանել է «Current Time»-ի հարցերին: («Current Time»-ն «Ազատություն» ռադիոկայանի լրատվական նախագիծն է): Նա ասել է, որ հիացմունքով է ընդունել վարչապետի հրաժարականը:

«Ես անչափ երջանիկ էի, գրկեցի կնոջս, գնացինք վերև՝ ուղիղ եթերին հետևելու: Ի դեպ, մեծ շնորհակալություն «Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանին», ձերոնք և «Սիվիլիթասն» էին միակ կայքերը, որոնք ուղիղ հեռարձակում էին ապահովում: Եվ դրա համար՝ առանձնահատուկ շնորհակալություն, որ մեզ՝ սփյուռքում ապրողներիս, տվեցիք այդ ամենին մասնակցելու և տեսնելու հնարավորություն:

Ես հիացած էի: Ես շատ ուրախ եմ, որ չեղան նոր ձերբակալություններ, արյունահեղություն, և դա խաղաղ եղանակով ստացվեց: Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում, շատ հուզված եմ»,- ասել է աշխարհահռչակ արվեստագետը:

Նրա համոզմամբ, հարկ է շարունակել պահանջներ ներկայացնելը, պետք է ընդունել բարեփոխումների փաթեթ, որը կտրվի վարչապետի պաշտոնակատարին, հարկ է անհապաղ սկսել բարեփոխումների գործընթացը:

«Կարծում եմ, անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, բոլոր քաղբանտարկյալներին, հարկ է նախանշել ապագա խորհրդարանական ընտրությունների անցկացումը, քանի որ գիտենք՝ դա է հիմքը, անցյալ տարվա վերջին ընտրությունները ոչ ամբողջությամբ էին թափանցիկ:

Կարծում եմ, այո՝ դա երկարատև գործընթաց է, ենթադրում եմ, որ ճնշումը պետք է պահպանել մինչև այն պահը, որ մարդիկ համոզվեն, որ իրենց պահանջները կատարվել են», - ասել է Թանկյանը:

Ապա ամերիկահայ արվեստագետը խոսել է նաև Հայաստանի առջև ծառացած, թերևս, ամենաբարդ խնդրի մասին․ - «Այդ ամենի հիմքում կոռուպցիան է, այն խժռում է հանրությանը բոլոր մակարդակներում: Դու կաշառք ես տալիս ոչ միայն ոստիկանին կամ իրավապահ համակարգին, կաշառք ես տալիս, որ դառնաս ուսուցիչ կամ բժիշկ, ինչի արդյունքում չի հաջողվում այս բնագավառներում լավագույն որակ ապահովել:

Դա մարդկանց շանս չի տալիս: Ես հուսով եմ, որ դա փոխվեց այսօր, դա հրաշալի հնարավորություն կստեղծի ներդրումների համար, դա դուռ կբացի երկրի հանդեպ սիրո համար», - ասել է System of a Down-ի մեներգիչ ու երգահան Սերժ Թանկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG