Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Փաշինյանի հրավիրած երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Հանրապետության հրապարակից մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այսօր ավելի ուշ նախատեսված է Փաշինյանի մամուլի ասուլիսը։

Նշենք, որ վաղը՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ շարունակելու «բանակցությունների երկրորդ փուլը»։

Փաշինյանն այսօր ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում հայտնել էր, որ այդ բանակցությունները պետք է վերաբերեն իշխանության անցնցում փոխանցմանը։

«Այսօր արդեն մենք առիթը կօգտագործենք և որոշակի քաղաքական քննարկումներ կունենանք, որպեսզի հստակ արձանագրենք, թե ինչ փուլում ենք գտնվում և ինչ կոնկրետ քայլերով պետք է երաշխավորենք ժողովրդի հաղթանակի դե յուրե արձանագրումը», - ասել էր Փաշինյանը։

Փաշինյանն այսօրվա երթի մեկնարկին հայտարարել է, որ բանակցությունների օրակարգում պետք է լինի նաև «քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը»։ Նա մասնավորապես նշել է Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Անդրիսա Ղուկասյանի, Շանթ Հարությունյանի անունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG