Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ Վաղարշապատում Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։

Ըստ կոմիտեի, ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Ն.Հովհաննիսյանը՝ ծնված 1972թ.: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ՝ ժամը 21.45-ի սահմաններում, Ն.Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ»:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով [սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը], ստեղծվել է քննչական խումբ:

Կոմիտեն նշում է, Քրեական գործով Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:

«Քննությամբ պարզվել է, որ Ն.Հովհաննիսյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նշենք, որ Նվեր Հովհաննիսյանը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մերձավորներից է։

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողներին ասել է, որ Նվեր Հովհաննիսյանին ոչ թե հավաքի մասնակիցներն են դանակահարել, այլ «մի խումբ ճոյտականներ»։

«Մանրամասն չգիտեմ, բայց գիտեմ, որ մի խումբ ոչ թե շարժման ժողովուրդն է եղել, այլ մի խումբ Ճոյտի [ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյան] պես ճոյտականներ, հարբած գնացել են քաղաքապետարանի շլագբաումի մոտ, տղան թույլ չի տվել, դանակով մի քանի տեղ՝ մեկը սիրտն են կոխել, երեկ գնացել եմ հիվանդանոց, մեկ էլ թոքը։ Ապրիլյան պատերազմի հերոս, մինի վրա պայթած... շատ ցավալի է», - ասաց Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG