Մատչելիության հղումներ

«Ժողովուրդն ուզածին հասավ, ապրե՛ն». ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ


Ռուսաստանյան առաջին արձագանքները:

РБК ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Պետական դումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Իգոր Լեբեդևը ողջունել է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Հայ ժողովուրդն ուզածին հասավ, ապրե՛ն, ոչ ոք չի ուզում տասնամյակներով նույն մարդուն տեսնել իշխանության գլուխ: Անհրաժեշտ է իշխանության և կուսակցությունների փոփոխություն», - Թվիթերի էջում գրել է Լեբեդևը:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Պետական դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ Սերժ Սարգսյանն արիական և իմաստուն որոշում է կայացրել:

«Նա չգնաց արյունահեղության, ժողովրդի դեմ չհանեց հատուկ ուժերը, այլապես դա չափազանց վատ կավարտվեր», - ասել է Կալաշնիկովը:

«Ինչպես էլ ավարտվի բողոքների իրավիճակը Հայաստանում, Մոսկվան վստահ է, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն փոխվի», - այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Գլխավորը` որ առճակատում չլինի և գործընթացը կայունանա», - ասել է Ջաբարովը և հավելել, որ Հայաստանում իրավիճակը տարբերվում է ուկրաինական «Մայդանի» զարգացումներից:

«Ուկրաինայում կար դրսի ուժերի ուղղակի միջամտություն, սցենարն արևմտյան երկրներն էին գրել: Հայաստանում կարծես նման բան չկա», - ասել է Ջաբարովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ընդգծելով, որ «հայաստանյան զարգացումները Հայաստանի ներքին գործն է», հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ որևէ կերպ մասնակցել այդ գործընթացներին: «Ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի», - ասել է Պեսկովը:

«Սպուտնիկ» գործակալության փոխանցմամբ, հայաստանյան բողոքի ակցիաների մեկնարկից՝ ապրիլի 13-ից սկսած, ռուսաստանյան տուրիստական գործակալությունները չեն գրանցել Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների ընդհատումներ կամ չեղարկումներ:

«Սպուտնիկ»-ը նշում է, որ 2017 թվականին Ռուսաստանից Հայաստան է մեկնել 410 հազար զբոսաշրջիկ, ինչը 26 տոկոսով գերազանցում է 2016-ի և 46 տոկոսով՝ 2013 թվականի տվյալները:

«Կեցցե՛ս, Հայաստան: Երկիրը ցնծության մեջ է, Սարգսյանի տասը տարվա իշխանությունը բավական էր հետխորհրդային տարածքում թավշյա հեղափոխության համար: Իշխանությունը սպասվածից առավել խոհեմ գտնվեց, իսկ ժողովուրդը՝ առավել հոգատար իր իսկ նկատմամբ, հրաշալի է», - ասել է լրագրող ու հրապարակախոս Արկադի Դուբնովը:

Հայաստանյան իրադարձություններին արձագանքել է նաև Մեծ Բրիտանիայում ապաստանած ռուսաստանցի մեծահարուստ գործարար Եվգենի Չիչվարկինն, ով ժամանակին ասել է, թե կվերադառնա Ռուսաստան միայն ռեժիմի փոփոխությունից հետո: «Այսօր ես հայ եմ», - Ինստրագրամում գրել է Չիչվարկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG