Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյան․ Մարդիկ ինքնաբուխ, տարաբևեռ իրենց քաղաքացիական անհնազանդությունը հայտնում են


Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանի փաստաբան Արաքս Մելքոնյանը, իր պաշտպանյալը երկու ամսով կալանավորվեց․ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննչի միջնորդությունը:

Լևոն Բարսեղյանին նախաքննական մարմինը մեղադրում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։

Կալանավորումից ժամեր առաջ դատարանի բակում «Ազատության» հետ զրույցում Բարսեղյանն ասաց, որ չի ընդունում մեղադրանքը` պնդելով, որ այն շինծու է և դրանով իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում․ - «Ես կարծում եմ, որ սա քաղաքական մեղադրանք է: Իմ հռետորական ճառին, որ մեզ մեծ դիմակայություն է սպասում, պատրաստվեք տևական պայքարի, պատրաստվեք անձնազոհության, և սա արյան կոչ չէ, այդ նախադասությունը մեկնաբանում են որպես զանգվածային անկարգությունների կազմակերպում: Իսկ իմ այնտեղ գտնվելը․․․ երբ ոստիկանները վրա տվեցին, ես ընդամենը էդ երկաթե ձողերն եմ պահել, մի ընկած ոստիկանի էլ գետնից հանել եմ, որպեսզի ոտնատակ չանեն, դա մեկնաբանում են որպես մահակը խլելու փորձ․․․

Բարսեղյանն ասաց, որ իշխանությունն իրեն և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած շարժման մյուս անդամներին մեկուսացնելու նպատակ ունեին․ - «Փորձում են, իրենց կարծիքով, կներեք համեստությանս համար, կարևոր մարդկանց, կամ ազդեցություն ունեցող մարդկանց մեկուսացնել, բայց վաղուց գլխի չեն ընկել, որ սովետի կենտրոնաձիգ համակարգով չի անհնազանդությունը տեղի ունենում։ Սա ապակենտրոն է տեղի ունենում․ բռնում եք մեկին, մյուսն է նրա տեղը կանգնում: Մարդիկ ինքնաբուխ, տարաբևեռ իրենց քաղաքացիական անհնազանդությունը հայտնում են»:

Կալանավորումից առաջ «Ազատության» հետ զրույցում Բարսեղյանն անդրադարձավ երեկ Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ ասածին՝ «Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»՝ ասելով․ - «Էս տեսակ մոդելի հետ ռեժիմը շփված և հանդիպած չի եղել»:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Մերժիր Սերժին» շարժման անդամներ Դավիթ Սանասարյանը և Արմեն Գրիգորյանը դեռևս ձերբակալված են։ Նրանք ևս մեղադրվում են
զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG