Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան․ Հեշտ չէր ասել՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ


«Ազատություն»․ - Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իր հայտարարության մեջ նշեց, որ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց: Նշեց նաև, թե իրավիճակը ունի «մի քանի լուծում», բայց դրանից ոչ մեկին ինքը չի գնում: Ձեզ համար սպասելի՞ էր այս որոշումը:

Վարդանյան․ - Ինչ-որ ժամանակից սպասելի էր: Պետք է շատ բարձր գնահատեմ պարոն Սերժ Սարգսյանի այս քայլը, իբրև պատասխանատու պետական գործիչ: Ես կուզեի նաևմ, որ բոլորդ գիտակցեիք, որ միանգամից այս մերժումը չտարածվեց Սերժ Սարգսյանի ամբողջ կենսագրության վրա՝ իր փորձառության, իր ծառայության վրա երկրի հանդեպ: Եվ սա նաև տղամարդկային քայլ էր․ հեշտ չէ ասել՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Կարծում եմ, որ ճիշտ ժամանակին կատարված քայլ էր:

«Ազատություն»․ - Այլընտրանքը ո՞րը կարող էր լինել:

Վարդանյան․ - Կար երկու ճանապարհ: Եվ Դաշնակցությունը արդեն քանի օր ոչ թե աղմկում էր, ոչ թե փորձում էր կրակի վրա ջուր լցնել կամ այլ բաներ անել, այլ փորձում էր, ջանք էր գործադրում, հանդիպումներ էր ունենում և՛ վարչապետի, և՛ նախագահի, և՛ մյուս կողմի հետ՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր առավոտյան, որպեսզի գտնեինք հանգուցալուծում: Կա երկու ճանապարհ․ կա՛մ մենք կգնայինք հերթական անգամ բախման, երկրում արյուն կթափվեր, և տասնամյակներով նորից երկիրը հետ կշպրտվեր, կա՛մ մենք այս շարժումից, այս երիտասարդական ուժեղ ազատության շարժումից դուրս կգայինք շատ ավելի համախմբված, շատ ավելի ուժեղ, շատ ավելի հեռանկարով պետություն ունենալու կարողությամբ: Այս երկրորդ ճանապարհը հաղթեց, առողջ բանականությունը հաղթեց, հաղթեց բանակցելու, երկխոսելու միջոցով լուծումներ գտնելու ճանապարհը: Եվ սա Դաշնակցության առաջարկած ճանապարհն է:

«Ազատություն»․ - Հիմա Կարեն Կարապետյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատա՞ր է:

Վարդանյան․ - Պաշտոնական դեռ չգիտեմ, բայց տրամաբանությունը այդ է հուշում: Սահմանադրությամբ սահմանված կարգով՝ բանակցությունների, երկխոսությունների, քննարկումների արդյունքում կձևավորվի ճանապարհային քարտեզ, և Սահմանադրությամբ սահմանված մեխանիզմներով մենք կգնանք առաջ:

«Ազատություն»․ - Լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ:

Վարդանյան․ - Որտե՞ղ է նման բան գրված․․․ Այսօր ենթադրություններ անելու ժամանակը չէ, այսօր բանակցային քննարկումների, երկխոսության ժամանակն է, որպեսզի երկիրը այս վիճակից դուրս գա շատ ավելի ուժեղ, շատ ավելի համախմբված:

«Ազատություն»․ - Այսինքն, Սերժ Սարգսյանի հրաժարակը դեռևս չի ենթադրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վարդանյան․ - Առաջ չընկնենք ժամանակից: Հիմա քննարկելով, բանակցելով, ճանապարհային քարտեզ գծելով, նաև նոր մշակույթ ձևավորելով՝ իսկապես լավագույն լուծումները գտնելու ժամանակն է:

«Ազատություն»․ - Բանակցությունները ո՞ւմ միջև պետք է լինեն:

Վարդանյան․ - Բնականաբար, բանակցությունները պիտի լինեն հրապարակի հասարակության ներկայացուցիչների և իշխանությունների միջև՝ բոլոր իրական քաղաքական ուժերի մասնակցությամբ, երաշխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG