Մատչելիության հղումներ

Ոստիկաններն ակտիվիստ Արմեն Մայիլյանին տարել էին «զրուցելու նպատակով»


Վանաձորում երեկ բռնությամբ բերման ենթարկված ակտիվիստ Արմեն Մայիլյանին, ով ավելի ուշ ազատ էր արձակվել, այսօր Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու Գուգարքի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը ոստիկանական մեքենայով տարել էին կենտրոնից հեռու, Երևան տանող մայրուղու վրա՝ «զրուցելու նպատակով»։

«Ազատության» հարցին ի պատասխան վարչության պետն ասաց, որ նրան բերման ենթարկելու որևէ խնդիր չունեն, պարզապես զրուցում են «հանուն ապահով, արդար և խաղաղ Հայաստանի»։

Նրա հետ զրուցելուց հետո կրկին ոստիկանական մեքենայով նրան տեղափոխեցին դեպի Երևան տանող մայրուղի, որտեղ, ըստ ոստիկանների, գտնվում էր Արմեն Մայիլյանի մեքենան։

Հիշեցնենք, երեկ Վանաձորի երթերն ու ցույցերը գլխավորում էր Արմեն Մայիլյանը, որից հետո նրան բռնի ուժով տարան ոստիկանություն։ Ոստիկանությունից նրան տեղափոխել էին Վանաձորի հիվանդանոց, որտեղ ախտորոշել էին ամորձիների սալջարդ։ Ակտիվիստը հրաժարվել էր բուժումից և դուրս եկել հիվանդանոցից՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Արմեն Մայիլյանը ազատ էր արձակվել ու այսօր կրկին մասնակցում էր բողոքի ակցիաներին։

«Ազատության»-ը տված հարցազրույցում նա ասաց, որ ճնշումներից չի վախենում և շարունակելու է մասնակցել բողոքի ակցիաներին իր անչափահաս որդիների հետ։ Ոստիկանների հետ զրուցելուց հետո Արմեն Մայիլյանն այլևս չվերադարձավ Վանաձորի կենտրոնական հրապարակ, որտեղ հանրահավաք էր տեղի ունենում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG