Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կասկածանքով, ևս 3 անձ կալանավորվել է՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով։

Ըստ հաղորդագրության, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված և վարույթ ընդունված քրեական գործերի տվյալներով՝ «2018 թվականի ապրիլի 20-ին, 21-ին մի խումբ անձինք ակնհայտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. բազմաթիվ ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների, այդ թվում՝ գիշերային ժամերին խախտել են նրանց անդորրը, չեն ենթարկվել նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։ Բացի այդ, բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ»։

Կոմիտեն նշում է, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով՝ 5, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կասկածանքով՝ 1 անձ։

«Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ Երևան քաղաքի տարբեր փողոցներով տեղի ունեցած քայլերթից հետո, Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է հավաք, որը հետագայում շարունակվել է Երևան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում: Որոշ մասնակիցներ, վրդովված ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում չհավաքվելու և երթևեկությունը չխաթարելու օրինական պահանջից, ժամը 23-ի սահմաններում գնացել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի հատման խաչմերուկ, որտեղ սկսել են կատարել զանգվածային անկարգություններ», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ «այդ ընթացքում զանգվածային անկարգությունների մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարել են երթևեկության բնականոն ընթացքը, ձեռքերով, ոտքերով, տարատեսակ առարկաներով ոչնչացրել և վնասել են նշված տարածքում առկա լուսացույցերը, ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները, ցուցանակները, նստարանները, գովազդային վահանակները, իրական վտանգ են ստեղծել անցորդների կյանքի ու առողջության համար, քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել հասարակական կարգը և անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր ժամանած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին»:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

Եվս երկու քրեական գործ հարուցվել է՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ։

Կոմիտեն նշում է, որ ՔԿ-ում գտնվող քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG