Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ հիվանդանոց է տեղափոխվել 15 քաղաքացի


Այսօրվա ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից օգտագործված հատուկ միջոցների, ինչպես նաև մի խումբ դիմակավորված անձանց հարձակումների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 15 քաղաքացի։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի փոխանցմամբ՝ իրենք 11 քաղաքացի են ընդունվել, նրանց մի մասը ունեցել է փոքր վերքեր մարմնի տարբեր հատվածներում և գլխի շրջանում. - «Այս պահին ունենք մի կին ու երկու տղամարդ երիտասարդ` 21, 25 և 27 տարեկան, որոնք ունեն գլխի վրա վերքեր, որոնք հիմա էս պահին մշակվում են: Արվել են համապատասխան հետազոտումներ, լուրջ վնասումներ չկա և կարծում եմ մեկ ժամ հետո մենք կարող ենք իրենց ուղարկել տուն»:

Այսօր տուժածների մեծ մասը Էրեբունի համայնքից են տեղափոխվել։ Ոստիկանությունը Արցախի փողոցի խաչմերուկում ցուցարարներին ցրելու համար հատուկ միջոցներ էր կիրառել։

Ավելի ուշ Էրեբունիում երթով շարժվող քաղաքացիների վրա էին հարձակվել մի քանի տասնյակ բժշկական դիմակներով անձինք: Նրանք քարերով հարվածել էին երթի մասնակիցներին, օգտագործել էին նաև մահակներ և էլեկտրաշոկեր։

Միքայել Մանուկյանը դժվարացավ ասել, թե արդյոք քաղաքացիները այդ հարձակումից են տուժել. - «Դժվարանում եմ ասել, թե վնասվածքները քարերից են, հարվածից են, թե էդ մարդիկ ընկել են: Փոքր վերքեր են գլխի շրջանում: Մենք կատարել ենք համակարգչային տոմոգրաֆիա. գլխուղեղի և ոսկորների վնասում չի եղել: Էդ վերքերը մշակվում են էս պահին»:

4 քաղաքացի տեղափոխվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանն ասաց, որ տուժածների շրջանում նաև գլխին հարված ստացող է եղել. - «Հիմնականում թեթև վնասվածքներ, քերծվածքներ, սալջարդեր... Վերջին քաղաքացին ստացել էր ականջի շրջանում հարված, բայց դա թեթև մարմնական վնասվածք կարելի է գնահատել, սալջարդի մակարդակով: Ըստ իր նշելու` ոստիկանները դուբինկայով են հարվածել»:

Այսօր նաև բազմաթիվ վիրավոր քաղաքացիների նկատեցինք, ովքեր վնասվածքներ էին ստացել ձեռքերի և գլխի շրջանում՝ բայց չէին ցանկանում տեղափոխվել հիվանդանոց, նրանք շարունակում էին երթը։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG