Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դատապարտում է կուսակցության վարչության անդամների ձերբակալումը


Ոստիկանները բերման են ենթարկում պատգամավոր Սասուն Միքայելյանին, Երևան, 22-ը ապրիլի, 2018թ․
Ոստիկանները բերման են ենթարկում պատգամավոր Սասուն Միքայելյանին, Երևան, 22-ը ապրիլի, 2018թ․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատապարտում է կուսակցության վարչության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումը և նրանց նկատմամբ բռնությունների կիրառումը, որը, կուսակցության հայտարարության համաձայն, «միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնական ազատությունների և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի բացահայտ ոտնահարում է»։

«Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով։ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության որդեգրած քաղաքականությունը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, չի բխում Հայաստանի ժողովրդի իրավունքներից և շահերից», - ասված է հայտարարությունում:

Համոզմունք հայտնելով, որ իշխանությունների բոլոր գործողությունները ծնելու են հակազդեցություն և կարող են վտանգել Հայաստանի ապագան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սերժ Սարգսյանին և Հանրապետականին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ «քննարկելու հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցերը»։

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք րոպե առաջ ազատ արձակել այս օրերին ազատությունից զրկված բոլոր անձանց և գործել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի համապատասխան՝ չկատարելով քաղաքական և իրավազուրկ գործողություններ։ Պահանջում ենք հագուրդ չտալ Սերժ Սարգսյանի անհեռանկար մտադրություններին և չներքաշվել հանցագործությունների իրականացման մեջ: Միջազգային և դիվանագիտական կառույցներին հորդորում ենք անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին՝ խուսափելով անհարկի չեզոքությունից», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG