Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ կոլեգիա․ «Իրավիճակի սրումը նպաստում է Արցախի դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծմանը»


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության կոլեգիան խորը մտահոգություն է հայտնում վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դուրս են քաղաքական գործընթացներից և ամեն օր, ամեն ժամ ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Այդուհանդերձ ակներև է, որ օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձևավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են», - ասված է ՊՆ կոլեգիայի այսօր հրապարակած հայտարարությունում:

«Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը նպաստում է դրան», - հայտարարում է ՊՆ կոլեգիան:

«Իշխանությունը զավթելու, պետական կառավարման համակարգի հիմնարկները արգելափակելու, տրանսպորտային երթուղիները խափանելու, պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու, բնականոն կյանքը խաթարելու փորձերն անխուսափելիորեն բերելու են մեր առջև ծառացած ռազմական մարտահրավերների սրմանը: Երկրի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական բոլոր կառույցների ներդաշնակեցված և կայուն փոխգործակցություն», - ասված է հայտարարությունում, որը հրապարակել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ԳՌՏ պետի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ Ստեփան Գալստյանը, Տիրան Խաչատրյանը և Անդրանիկ Մակարյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

«Կասկածից վեր է, որ հայկական բանակը ունակ է դիմագրավել հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Սակայն հրահրվող ներքին անկայունությունը գործոն է, որը հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական խնդիրների իրականացման, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման, զորահավաքային խնդիրների կատարման վրա», - հայտարարում է ՊՆ կոլեգիան՝ «չարտոնված զանգվածային միջոցառումների և հավաքների» կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ անելով զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ներքին անկայունության պատճառ դառնալ:

«Հայաստանի պաշտպանության առաքելությունն օրվա ցանկացած պահի անձնվիրաբար իրականացնում են մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակներ, որոնց վստահությունն ու հաստատակամությունը էապես կախված է նաև թիկունքում տիրող իրավիճակից, և գործողությունների խաղաղ բնույթը վկայակոչող կազմակերպիչները պետք է հիշեն ոչ միայն բուն ակցիայի վայրում դրա հետևանքների, այլև առաջնագծում կանգնած մեր հրամանատարների և զինվորների համար ձևավորվող վտանգների մասին», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG