Մատչելիության հղումներ

Վանաձորցի ակտիվիստի վկայությամբ՝ իրեն հարվածներ հասցնելով են տարել ոստիկանություն


Ակտիվիստ Արմեն Մայիլյանը Վանաձորում ապրիլի 21-ի բողոքի ակցիայի ժամանակ

Բռնության հետքերով ոստիկանությունից Վանաձորի հիվանդանոց տեղափոխված ակտիվիստ Արմեն Մայիլյանը ուշ երեկոյան «Ազատությանը» փոխանցեց, որ ոստիկաններն իրեն կենտրոնական Հայքի հրապարակից հարվածներ հասցնելով և բռնի ուժով են տարել ոստիկանություն։ «Ոստիկանը սկզբից հարվածեց, խփեցին, ընկա ու ասի, որ լավ չեմ զգում, սկսեցին քաշքշել, ասին սուտ ա անում, դերասանություն ա անում», - պատմեց նա:

Ղարաբաղի պատերազմական գործողություններին մասնակցած վանաձորցին հիշեցրել է իր անցած ճանապարհն ու նշել, որ սուտ չի խոսում։ «Ասեցի, որ ինքս կգամ բաժին, զոռով քաշ տվեցին, մի հատ հանցագործի նման ինձ բռնեցին, տասը հոգով ու սենց բրդելով, խցկելով ավտոմեքենան, տարան», - «Ազատությանը» պատմեց Արմեն Մայիլյանը։

Ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո Մայիլյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հետազոտության է ենթարկվել։ Հերթապահ բժիշկ Արա Կոծինյանն «Ազատությանն» ասաց, որ քաղաքացին ձախ ամորձու սալջարդ է ստացել, և ախտորոշվել է վեգետատիվ կրիզ, որը գլխին ստացած հարվածի հետևանք կարող է լինել։

Ուշ երեկոյան «Ազատություն»-ը տեղեկացավ, որ ակտիվիստը հրաժարվել է հետագա բուժօգնությունից և ոստիկանների հետ հեռացել է հիվանդանոցից։

Մայիլյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանության ներկայացուցիչների կողմից ցույցերին չմասնակցելու նախազգուշացումներ է ստացել, բայց, միևնույն է, շարունակելու է մասնակցել:

Արմեն Մայիլյանն արդեն ազատ է արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG