Մատչելիության հղումներ

Շաբաթ առավոտյան գործադուլ էին հայտարարել Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները։ Ժամը 10-ին փակելով Րաֆֆու փողոցը՝ նրանք քայլերթ էին սկսել Սեբաստիա փողոցով, Իսակովի պողոտայով դեպի կենտրոն համայնք։

Չնայած տեղացող անձրևին՝ տոնավաճառի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ, փողոցի երթևեկելի հատվածով շարժվում էին առաջ։ Նրանցից անջատ՝ փողոցի աջ կողմում, քայլում էր երիտասարդ տղաների մի խումբ, ովքեր, ըստ վաճառականների, փորձում էին սադրել, սրել իրավիճակը։ 2008 թվականի մարտի 1-ի զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի քույրը՝ Վարդուհի Ֆարմանյանը, ասում է՝ իշխանությունը փորձում է խանգարել իրենց խաղաղ երթը։ ֊ «Մի երեսուն հոգի սադրիչներ կային, որ հրահրում էին մեզ։ Մեքենաներով եկել էին, քշում էին մեզ վրա», ֊ պատմեց նա։

Տոնավաճառի աշխատակիցներին ուղեկցող ոստիկանների մեջ էր նաև Մալաթիայի ոստիկանության բաժնի պետը։ Արթուր Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք տեղյակ է, որ քայլերթի մասնակիցների մտահոգություններ ունեն, որ իրենց խաղաղ ցույցը փորձում են հրահրել։ Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

Վաճառականների ցույցը Հաղթանակ կամրջով հասավ Մաշտոցի պողոտա։ Այդտեղ արդեն Մալաթիայի բաժնի ոստիկանները մենակ թողեցին ցուցարարներին։ Տեսնելով իրավապահների բացակայությունը՝ քայլերթի մասնակիցները փակեցին Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածն ամբողջությամբ և յուրաքանչյուր խաչմերուկին հնգական րոպե կանգ առնելով՝ կոչ էին անում միանալ իրենց։

Մաշտոցի պողոտա - Թումանյան փողոց խաչմերուկում արդեն ցուցարարներին մոտեցան ոստիկանական ուժերն ու բռնի ուժի գործդրմամբ բերման ենթարկեցին մի քանի հոգու։

Քայլերթի կազմակերպիչներից մեկին՝ Նարեկ Հովսեփյանին, ոստիկանները չկարողացան բերման ենթարկել։ Արդեն իրավապահների հեռանալուց հետո նա «Ազատությանը» պատմեց, որ ոստիկանները հարվածել են իրեն. ֊ «Վնասվելա աչքս և գլուխս։ Գցել էին գետին մի քանի հոգով ու բռնել էին ոտքերիցս ու ձեռքերիցս»։

Ֆրանսիայի հրապարակում արդեն ոստիկանները կենդանի պատ կազմած փորձեցին խոչընդոտել ցուցարարների հետագա շարժամը, սակայն նրանք վազքով շրջանցեցին իրավապահներին։ Հերացի փողոցում նրանց միացավ մեկ այլ խումբ և քայլերթը շարժվեց դեպի Ավան, որտեղ միացան Նիկոլ Փաշինյանի երթին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG